суббота, 16 мая 2015 г.

Ազատություն

Արդյոք գոյություն ունի իրական ազատություն: Արդյոք անսահման է ազատությունը, թե ունի կոնկրետ սահմաններ և սահմանում: Սրանք այն հարցերն են, որոնք մշտապես ուղեկցում են մարդկանց և երբեք չեն ստանում հստակ պատասխաններ:
Լիարժեք ազատություն իհարկե գոյութուն չունի: Մենք անկախ մեր կամքից ամենուր ենթարկվում ենք սահմանափակումների: Յուրաքանչյուր անհատ, ընտանիք, ազգ ունի իրեն հատուկ կանոններ և սովորույթներ, և մենք ակամայից ենթարկվում ենք այդ կանոններին: Հաճախ մեր սեփական բարոյականությունը և ներքին ձայնն  են մեզ սահմանափակում: Մենք գրեթե երբեք ազատ չենք արտահայտում մեր կարծիքը և ազատ վարքագիծ չենք դրսևորում՝ելնելով քաղաքավարության կանոններից:
Մյուս կողմից ազատության ձգտելով մարդիկ հաճախ ընկնում են ծայրահեղություննի մեջ: Փորձում են ազատվել որոշ  կանոններից, որոնք ի սկզբանե սահմանված են եղել և ենթակա չեն փոփոխության: Ամեն դեպքում կան սահմաններ, որոնք պետք չէ անցնել՝<<ազատության>> շողքի տակ:
Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդու ազատությունը սեփական մտքի և երևակայությանն սահմաններն են: Պետք չէ ազատություն փնտրել շրջապատող աշխարհում և անիմաստ պայքարել արտաքին աշխարհի կանոնների  դեմ: Մենք պետք է ձգտենք ներքին ազատության, ազատվենք ներքին բարդութներից և սահմանափակումներից, ազատություն տանք մեր երևակայությանը և մտքերին...


Մի քանի մեջբերում ազատության մասին.
• Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն:
Ֆրիդրիխ Շիլլեր

• Ազատություն նշանակում է պատասխանատվություն, ահա’ ինչու շատերը վախենում են նրանից:
Բերնարդ Շոու

• Ոչխարն ու գայլր տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառր: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը:
Աբրահամ Լինկոլն

• Բացարձակ ազատություն կա միայն հիմարների մոտ:
Ալեքսանդր Մյասնիկյան

воскресенье, 10 мая 2015 г.

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թեև XVI–XVIII դարերում Արևելյան Հայաստանում կային բազմաթիվ մելիքություններ, սակայն այդ իշխանություններից առավել անվանի էին Արցախի հինգ` Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ: Խամսայի մելիքությունները Արցախ–Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հետ։ Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար տիրապետողները 15-րդ դարամիջում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ։ Շահ Աբասն առաջինն էր, որ հաստատեց հայոց իշխանների ‹‹մելիք›› տիտղոսը, որը կրում էին ավելի հին ժամանակներից: Դրանով Շահ Աբասը կամեցավ վարցատրել այն մեծ ծառայությունը, որ հայ մելիքները կատարեցին նրա` օսմանցիների դեմ հաղթությունների մեջ: Խամսայի մելիքները հատկապես հզոր էին XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին, պատմական այդ շրջանում նրանք գլխավորել են հայ ազգային-ազատագրական շարժումը՝ ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների։

XVIII դարի սկզբին Պարսկաստանում ծայր առած անիշխանությունը սպառնում էր նրա ամբողջականությանը: Պարսկաստանի մասնատումից իրենց բաժինն էին ցանկանում ստանալ և՛ հարեւան Թուրքիան` իր համար տեղում ձգտելով ապահովել Դաղստանի լեռնցիների օժանդակությունը, և՛ Ռուսաստանը` օգնականներ պատրաստելով հայերի ու վրացիների շրջանակներում: Միաժամանակ Ռուսաստանը իրեն էր վերապահում նաև քրիստոնյա ժողովուրդների ազատագրման առաքելությունը: Այդ իրավիճակում ավելի բարենպաստ պայմաններ էին ստեղծվել արցախցիների ազատագրական պայքարի համար:

Գնահատելով թուրքերի դեմ մղված պայքարում հայերի բազմաթիվ ծառայությունները Իրանի Նադիր շահը 1736 թ. ճանաչել է Արցախի մելիքների ինքնիշխանությունը և վերահաստատել նրանց դաշնային ինքնավարությունը` Խամսայի մելիքություններ (հինգ մահալ, պարսկերեն` ՙՄահալե խամսե՚) անունով: Իսկ Դիզակ գավառի տիրակալ Մելիք-Եգանը նշանակվել է Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ: Նա ուղղակիորեն ենթարկվում էր Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի Թավրիզ քաղաքում: Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի հինգ մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարանին: Այսպիսով, Անդրկովկասում ՔարթլիԿախեթի վրացական վալիության կողքին, առաջին անգամ ստեղծվում էր նաև հայկական առանձին բեկլարբեկիություն: Համեմատության համար նշենք, որ իրանցիների կողմից վրաց թագավորները ճանաչված էին սոսկ որպես ՙկառավարիչներ՚ կամ ՙվալիներ՚ ու ՙխաներ՚: Այդ արգելք չէր,  որ  վրաց  նույն  այդ  իշխողները թագավորներ կոչվեին Վրաստանում և որպես այդպիսիներ նաև ճանաչվեին վրաց միջնադարյան հանրության կողմից:

Ինչպես նշվեց, Խամսայի մելիքությունների դաշնակցության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնք տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը: Յուրաքանչյուր մելիքությունում վարչա-քաղաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում յուզբաշի-հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից: Խամսայի մելիքությունների զորավար-հարյուրապետները եռանդուն գործունեություն ծավալեցին առանձնապես XVIII դ. սկզբի ազատագրական շարժումների ընթացքում: Մելիքներից ոմանք իրենց հպատակությունն էին հայտնել նվաճողներին` նրանց հանդեպ կատարելով բոլոր պարտավորությունները: Սակայն, Սյունիքում և Արցախում մելիքները թեև ընդունել էին նվաճողների գերիշխանությունը, բայց ներքին կառավարման հարցերում, այսինքն` հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն: Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք:

Վերոնշյալ նահանգներում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահի հրովարտակով, սակայն այն, ըստ էության, ուներ ժառանգական բնույթ: Այս հանգամանքը նպաստում էր մելիքական տների զորացմանը:

Հայկական ինքնավար այս իշխանությունները XVII դ. վերջերից փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–1735 թթ. մարտնչել են Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ, ինքնաբերաբար դաշնակցելով Իրանին: Եվ հենց կենտրոնական իշխանության բացակայության այդ պայմաններում է, որ Հայոց Սղնախները[5]/ամրացված տեղ/, որպես ռազմաքաղաքական միավորումներ, իրականացրել են իրենց երկրամասի կառավարումը և անվտանգության ապահովումը: Իր ազատությունը պաշտպանելու նպատակով լեռնաշխարհի հայությունը դիմել է կենաց և մահու պայքարի:

Մելիքների ջանքերով էր, որ Արցախում XVII դարի վերջերից ծնվում եւ գլուխ է բարձրացնում պարսկական լծից հայրենիքի ազատագրման գաղափարը: Այս ժամանակահատվածում հայերը, զինված պայքարին զուգահեռ, դիվանագիտական ջանքեր էին գործադրում` հայացքն ուղղելով սկզբում դեպի Եվրոպա եւ ապա` Ռուսաստան: Այդ պայքարի հետ են կապված այնպիսի քաղաքական ու ռազմական գործիչներ, ինչպիսիք են Իսրայել Օրին, Մինաս վարդապետը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Ջալալյանը, Ավան, Թարխան յուզբաշիները /հարյուրապետ/:

17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախիմելիքությունների ազատագրական ձգտումներին։ XVIIIդ. այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815թ.-ը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։

Խամսայի մելիքությունները ժամանակի ընթացքում բավական հզորանում են ու իրենց գրաված աշխարհագրական նպաստավոր դիրքով ռազմական մեծ նշանակություն ձեռք բերում` վերածելով երկրամասը մի անառիկ բերդի: Սակայն, ներքին երկպառակությունների հետևանքով սարուջալլի թուրքական ցեղից սերած նախկին ավազակապետ Փանահին հաջողվեց ներխուժել Հյուսիսային Ղարաբաղ և, հաստատվելով այստեղ, հիմնել, այսպես կոչված, «Ղարաբաղի խանությունը»: Փանահ խանին հաջորդած նրա որդի ու Վարանդայի Մելիք Շահնազար Բ-ի փեսա Իբրահիմ խանը 1785 թվականին դավադրաբար սպանում է Ջրաբերդի, Գյուլիստանի եւ Դիզակի մելիքներին` գրավելով Գանձասարի վանքը` հայոց ազգային-ազատագրական շարժման օջախը, ինչի արդյունքում էլ Խամսայի մելիքությունը վերջնականապես փլուզվեց:

Սյունիքի և Արցախի հայկական իշխանություննների համեմատական վերլուծություն: Ե՛վ Սյունիքի հայկական իշխանությունը, և՛ Արցախի հայկական մելիքությունները կարևոր դեր խաղացին միջնադարի հայոց պատմության մեջ: Պետականության և կենտրոնական իշխանության պայմաններում նրանց վրա էր դրված հայ բնակչության ինքնապաշտպանության և ռազմաքաղաքական կյանքի ղեկավարման դժվարին գործը: Սյունիքում Դավիթ-Բեկի, իսկ Արցախում հայ մելիքների գլխավորությամբ որոշակի ժամանակով հաջողվեց վերականգնել հայկական ինքնիշխանությունը, որը համառ պայքարի արդյունքն էր: Պարսկական շահը դաշինք կնքեց Դավիթ Բեկի հետ և ճանաչեց նրա իշխանությունը, իսկ Արցախում վերահաստատեց ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունը: Մելիքներին էր պատկանում հարկահանման իրավունքը, իսկ Դավիթ Բեկն ուներ նաև դրամ հատելու իրավունք: Ի տարբերություն Սյունիքի իշխանության, Խամսայի մելիքների իշխանությունը շահի կողմից ճանաչվել էր ժառանգական: Հայկական երկու իշխանությունների համար էլ ընդհանուր էր օսմանյան ուժերի դեմ պայքարում պարսկական իշխանության, Սյունիքի իշխանության պարագայում նաև վրացական ուժերի հետ համագործակցությունը և օտար լծից ազատագրվելու ռազմական ու դիվանագիտական ճանապարհներին դիմելը: Նշենք նաև, որ Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը` Գանձասարի կաթողիկոսությունը, որը եռանդուն մասնակցություն էր ունենում ազատագրական շարժման մեջ: Սակայն, պետք է նշել, որ հայկական ինքնավարության երկու օջախներն էլ անկում ապրեցին ներքին երկպառակությունների և անհամաձայնությունների պատճառով: Սյունիքում դա պայմանավորված էր թշնամու դեմ պայքարը շարունակելու հարցում Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի տարաձայնությամբ, իսկ Արցախում հայ մելիքների շրջանում Փանահ խանի դավադիր գործողություններով:

Այսպիսով, Սյունիքում և Արցախում հայկական իշխանության վերահաստատումը XVIII դարի հայ-ազատագրական շարժման և թուրքական ուժերի դեմ պայքարում ձեռք բերած հաղթանակների թեև ժամանակավոր, բայց կարևոր ու նշանակալից ձեռքբերումն էր:

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Սևրի պայմանագիր
 1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը (Հասարակական-քաղաքական գործիչ)։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպբերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։

Ալեքսանդրապոլի պայմանագիր
1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ. հայ-թուրքական պատերազմում  հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է
թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը ։

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը , իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին՝ ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ՝ Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

Կարսի պայմանագիր
Կարսի  պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից` Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ:

Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԸ

         ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԸ
                                                                     
Աշոտ Ա -885-890թթ.
Սմբատ Ա -890-914թթ.
Աշոտ Բ Երկաթ- 914-929թթ.
Աբաս -929-953թթ.
Աշոտ Գ Ողորմած -953-977թթ.
Սմբատ Բ Տիեզերակալ -977-990թթ      
Գագիկ Ա- 990-1020թթ.
Հովհաննես–Սմբատ -1020-1041թթ.
Աշոտ Դ -1021-1040թթ.
Գագիկ Բ -1042-1045թթ.

Բագրատունիները հայ նախարարական տոհմ է: Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ V դ վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII-VIII դդ Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ VII դ հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689): Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IX դ կեսերին։ VIII դ. Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում, իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դ վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն: Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։
IX դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885–ից՝ Հայոց թագավոր։
Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան:
ՍՄԲԱՏ Ա-  Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը: 893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը:
ԱՇՈՏ Բ-Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան:
ՍՄԲԱՏ Բ-Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով:
ԳԱԳԻԿ Ա-Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.): Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ - Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ. հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին:
ԳԱԳԻԿ Բ - 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում: Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի և Տաշիր-Ձորագետի: X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:
Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը

ԱՇՈՏ  Ա- Աշոտ Ա (ծն. թ. անհայտ – 890), Հայոց թագավոր 885-ից։ Բագրատունյաց հարստության հիմնադիրը։ 855–ին փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 862–ին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»։
Աշոտը որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը: Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին: Նա միջամտել է իշխանական տների միջև ծագած դժգոհություններին: Ավելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների խնդիրը: Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին: Սակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանը: Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները: Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ:
Հաջող արշավանքներով Աշոտ Ա-ն ծանր հարվածներ հասցրեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Մինչ այդ նրա ազդեցության տակ հայտնված այդ երկրներն ընդունեցին Աշոտի իշխանությունը: Հայոց թագավորությունն ընդարձակվեց՝ տարածվելով մինչև Կովկասյան լեռնաշղթա:
Դեռևս 870–ական թթ. կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885–ին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։ Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

ՍՄԲԱՏ  Ա -Սմբատ Ա (ծն.թ. անհայտ–914), Հայոց Բագրատունի թագավոր 890–ից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին։ Նա շարունակեց հոր ճկուն դիվանագիտությունը՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ: 885–ից՝ Իշխանաց իշխան։ 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները։ Նրա օրոք Հայկական տերության սահմաններն ավելի ընդարձակվեցին: Սմբատն իրեն ենթարկեց Աբխազաց թագավորությունը և հյուսիսկովկասյան մի շարք ցեղերի՝ կայազորներ հաստատելով թե' այդ երկրներում և թե' Ալանաց դռներում: Իրեն հզոր արքայից արքա զգալով՝ նա թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Նրա օրոք երկիրը տնտեսապես բարգավաճում էր, ամենուրեք ծավալվում էր խաղաղ շինարարություն: Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը։ Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։ Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:
Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը։ Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։ Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան։ Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։ 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։ Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901–ին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։ 908–ին Յուսուֆը Սմբատ Ա–ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն` նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նոր երկպառակտչություններ, որոնց պատճառով Սմբատ Ա չի կարողացել հակահարված տալ 909–ին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ 910–ին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով , Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա–ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։
ԱՇՈՏ Բ Երկաթ- Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը: Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը: Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը: Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ 921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, սակայն Աշոտ Բ-ն մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին: Հայոց թագաժառանգի այդ անակնկալ համարձակ գործողությունը խուճապի մատնեց արաբներին: Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան:
Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը: Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ:
Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ: Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ:
Արաբները, համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա: Դրանով արաբները ճանաչեցին Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական մյուս բոլոր արքայիկների նկատմամբ: Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը:
922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։
 ԱԲԱՍ- Խաղաղ անցան Աշոտ Բ Երկաթ-ի թագավորության վերջին տարիները: Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը: Կարսը կարճ ժամանակամիջոցում աճեց, կառուցապատվեց և դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը: Երկարատև և ավերիչ պատերազմից հետո բնակչությունը ձեռնամուխ եղավ երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:
Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայոց եկեղեցին: Նկատի առնելով այդ հանգամանքը՝ Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք: Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում: Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի: Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու գահերեցությունը, պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության դեմ։
ԱՇՈՏ Գ- Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977): Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը: Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին:
953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի: Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը: Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ: ։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը ։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ: Աշոտ Գ-ն հոգատար էր աղքատների, կույրերի, անդամալույծների նկատմամբ: Նրանց համար բացվում էին հիվանդանոցներ և այլ բարեգործական հաստատություններ: Դրա համար էլ ստացավ Ողորմած մականունը:
Սակայն Աշոտ Ողորմածը հարկ եղած պահին մարտի դաշտում էր: 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև:
ՍՄԲԱՏ Բ- Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990): Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրմուղներ: Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։
Հայաստանում դեռևս շարունակում էին պահպանվել արաբական ամիրայությունները: Մասնավորապես Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն: Սմբատ Բ-ի թագավորության շրջանում Դվինի ամիրան հանդգնեց հանկարծակի հարձակվել Շիրակի վրա և անգամ նկատելի հաջողության հասավ: Սակայն Սմբատը կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն: Նա Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացրեց իր թագավորությանը: Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը:
Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց: Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից: Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին:
Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ:
ԳԱԳԻԿ Ա- Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020): Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլունը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ – ՍՄԲԱՏ
Հովհաննես–Սմբատ (ծն. թ. անհայտ –1041), Հայոց Բագրատունի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի օժանդակ զորքով հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Վասիլ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։
ԱՇՈՏ Դ - Աշոտ Դ (ծն. թ. անհայտ–1040), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։ Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։
ԳԱԳԻԿ Բ-Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-1045 թթ–ին։ Բագրատունիների հարստությունից։
Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Բագրատունյաց Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023 թ–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու։ Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045 թ–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Բագրատունյաց Հայաստան, գրավել Անին, կործանելով հայ Բագրատունիների թագավորությունը։ Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է Կնդռոսկավիս բերդի երեք հույն եղբայրների կողմից: Գագիկի մահվան վրեժը լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը` սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները:

понедельник, 4 мая 2015 г.

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

                                                   ՏԵՔՍՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Տեքստային խնդիրների լինում են տարբեր տեսակի, սակայն բոլորի լուծման համար անհրաժեշտ է գործի դնել տրամաբանությունը: Հիմնականում բանաձևեր չկան, միայն ճանապարհի հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ իմանալ հիմնական՝S=vt բանաձևը:

1.

450 կգ խաղողից ստացվեց 90 կգ չամիչ:
1) Քանի կգ ջուր գոլորշիացավ այդ ընթացքում:
450-90=360

2) Քանի տոկոսով փոքրացավ խաղողի զանգվածը չամիչ դառնալու ընթացքում:
450*x/100=360
4,5x=360
x=80

3) Խաղողի քանի տոկոսն է ջուր, եթե չամիչի 10 տոկոսն է ջուր:
450*x/100=369
4.5x=369
x=82

4)Քանի կգ խաղող է անհրաժեշտ 100 կգ չամիչ պատրաստելու համար?
450/90=x/100
x=500

2.

Գետափնյա A վայրից առաջին նավակի գետն ի վար շարժվելու պահից 2 ժամ հետո B-ից նրան ընդառաջ դուրս եկավ երկրորդ նավակը: Հանդիպման պահից պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրը անցել է 72 կմ: Առաջին նավակի սեփական արագությունը 10կմ/ժ է, իսկ հոսանքի արագությունը՝ 2կմ/ժ:

1) Քանի կմ Ճանապարհ անցավ առաջին նավակը շարժումը սկսելուց 1 ժ հետո:
   v1=10+2=12կմ/ժ        t=1ժ        v=12կմ/ժ        s=vt=12կմ
   
2) Քանի ժամ տևեց երկորդի ուղևորությունը մինչև հանդիումը:
t1=72/12=6ժ
t2=6-2=4ժ

3) Քանի կմ/ժ է երկրորդի սեփական արագությունը:
v2=72/4=18կմ/ժ                        18+2=20կմ/ժ

4) Երկրորդի սեփական արագությունը քանի տոկոսով է ավելի առաջինի սեփական արագությունից:
20-10=10
10*x/100=10
x=100%

3.
Որդին տասնմեկ տարեկան է: Վեց տարի առաջ որդին վեց անգամ փոքր էր հորից:

1) Քանի տարեկան է հայրը:
11-6=5
5*6=30
30+6=36

2) Երեք տարի հետո հայրը քանի տարով մեծ կլինի որդուց:
39-14=25

3) Քանի տարի հետո հոր և որդու տարիքների գումարը կլինի 99:
11+x+36+x=99
2x+47=99
2x=52
x=26

4) Քանի տարի հետո որդին հորից փոքր կլինի երկու անգամ:
(36+x)/(11+x)=2
22+2x=36+x
x=36-22=14

вторник, 28 апреля 2015 г.

ԻՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

                        ԻՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ես սովորել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ընդամենը մեկ տարի և չեմ հասցրել ամբողջական կարծիք կազմել դպրոցի մասին, սակայն կնշեմ որոշ դրական և, իմ կարծիքով, բացասական հատկանիշներ, որոնք նկատել եմ այս տարվա ընթացքում:
Կրթահամալիրը միանշանակ շատ է տարբերվում հանրապետության այլ դպրոցներից: Առաջին հատկանիշը, որ աչքի է ընկնում կրթահամալիրում՝ ազատությունն է: Այս դպրոցում աշակերտը իրեն ազատ է զգում գրեթե բոլոր առումներով: Ազատ է ուսուցչի ընտրությունը, որոշ առարկաների ընտրությունը, հագուստի ընտրությունը և վերջապես ամեն աշակերտ ինքն է կազմում իր անհատական ուսուցման ծրագիրը՝դպրոցի ղեկավարի հետ: Կրթահամալիրում մթնոլորտը շատ անկաշկանդ է և կարող եմ ասել, որ այս ուսումնական տարվա ընթացքում ես ճնշված չեմ եղել ոչ մի հարցում և պարտադրաբար չեմ կատարել ոչ մի առաջադրանք:
Մյուս տարբերությունը համակարգիչներով ուսուցումն է, որը կրթահամալիրի գլխավոր առանձնահատկություններից է: Ես միանշանակ կարող եմ ասել, որ գրքային ուսուցումը անձամբ ինձ համար շատ ավելի արդյունավետ և հաճելի էր: Համակարգչային գիտելիքները մեր ժամանակաշրջանում իհարկե անհրաժեշտություն են, սակայն Էլեկտրոնային եղանակով կատարված առաջադրանքից երբեք չես ստանում այն արդյունքը, որը կարող ես ստանալ հասարակ գրչով կատարված աշխատանքից, և էլեկտրոնային գրքից երբեք չես կարող ընկալել այն ամենը ինչ հասարակ գիրք կարդալուց: Իհարկե սա իմ անձնական կարծիքն է և գուցե շատերը չհամաձայնեն իմ  այս մտքի հետ:
Ամփոփելով՝կարող եմ ասել, որ իմ ավարտական ուսումնական տարին կրթահամալիրում անցել է հաճելի, անկաշկանդ մթնոլորտում և դպրոցից հեռանում եմ դրական տպավորություններով:

Համո Սահյան

   
               ՏԱՐ ԻՆՁ,ԺԱՄԱՆԱԿ

     Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
     Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
     Հուշերից որքան հեռու եմ կենում,
     Մեկ է, կապում են թևերս նրանք:

     Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
     Այնպիսի մի նոր հավիտենություն,
     Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
     Դառնում է արդեն խորին հնություն:
   
     Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
     Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
     Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
     Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
   
     Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
     Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
     Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
     Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
   
     Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
     Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
     Որ չմոլորվեմ քո ոլորտներում
     Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
   
     Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
     Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Համո Սահյանի <<Տար ինձ ժամանակ>> բանաստեղծությունն արտահայտում է մարդու վախը ժամանակի նկատմամբ: Բանաստեղծը նշում է ,որ ինքը վախենում է ետ մնալ ժամանակից,կյանքի ընթացքից և ապրել անցյալով՝ անցյալի հուշերով:Նա ցանկանում է քայլել ժամանակին համահունչ և ժամանակից թևեր է խնդրում՝ ճախրելու համար:
Ես կարծում եմ, որ հաճախ մեր մտքերը, երազանքները, անցյալի քաղցր կամ ցավոտ հիշողությունները ստիպում են մեզ կորցնել ժամանակի զգացողությունը, ապրել հուշերով՝այն ակնթարթներով, որոնք այդքան հարազատ և թանկ են մեզ համար: Բայց ժամանակը սրընթաց առաջ է շարժվում և մենք պետք է փորձենք քայլել նրան համահունչ՝թողնելով ետևում մեզ համար թանկ անցյալը, հուշերը և երազանքները...

                          ՀՈԳՆԵԼ ԵՄ

     Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
     Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
     Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
     Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
     Կշտամբանքներով ռմբակոծվելուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
     Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
     Ամեն պարողի ծափահարելուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
     Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
     Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
     Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
     Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
     Հոգնել եմ հոգնել:

Այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը պատմում է, թե որքան է հոգնել տարբեր երևույթներից կյանքում: Նա նշում է,որ հոգնել է մարդկանց օգնելուց,  մարդկային կանոններով ապրելուց, կեղծիքից և արտաքին աշխարհի այլ տհաճ երևույթներից: Այս ամենից զատ նա հոգնել է նաև իր սեփական մտքերից, սեփական մտքերի դեմ պայքարից, իր ներսում տիրող  խառնաշփոթից  և  հոգեկան ցավից: Եվ այս ամենի արդյունքուն նա հոգնել է նույնիսկ հոգնելուց:
Իսկապես երբեմն մենք այնքան ենք հոգնում մեզ շրջապատող աշխարհից, մարդկանցից, երևույթներից և մեր սեփական մտքերից, որ այդ ամենի արդյունքում հոգնում ենք անդադար հոգնելուց:

        ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻԿ
   
     Աշխարհում միշտ բաց են եղել
     Դռներս կրնկի վրա...
     Ելնողին չեմ ասել՝ արի՛,
     Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
     Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
     Բոլորը բաշխել եմ ձրի՝
     Եվ հացի պատառը վերջին,
     Եվ վերջին կաթիլը ջրի։
   
     Բաշխել եմ եղածի չափով,
     Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ...
     Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
     Երբեմն հատիկ առ հատիկ։
   
     Բաշխել եմ կրակ ու կորով,
     Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
     Թե մեկից մի բան եմ խնայել,
     Իմ ցավն եմ խնայել մենակ։
   
     Բաշխել եմ ինչ որ աշխարհում
     Տրվում է միայն մեկ անգամ,
     Ու որքան առատ եմ բաշխել,
     Դժգոհ եք եղել դուք այնքան։
   
     Ասել եք, խոսել, բողոքել
     Եվ անգամ նախանձել, որ կամ,
     Կոչել եք դժկամ ու դժնի,
     Ժլատ եք կոչել ինձ անգամ...
   
     Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
     Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
     Եվ ինձնից առածի տեղակ
     Հոգսեր ու ցավեր եք տվել։
   
     Որքան էլ ինձնից հեռացել,
     Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
     Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
     Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
   
     Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
     Ասում եմ որերորդ անգամ,
     Առանց ձեզ ոչ միայն ապրել,
     Ես մեռնել չեմ կարող անգամ։

Համո Սահյանի այս բանաստեղծությունը իմ ամենասիրելի բանաստեղծություններից է: Հեղինակը դիմում է մարդկանց, պատմում է որ իր ողջ կյանքի ընթացքում սիրել է  բոլոր մարդկանց, բաժանել իր նյութական ունեցվածքը նրանց, բացել է իր տան դռները բոլորի առաջ և իր վերջին ունեցածը բաժանել է մարդկանց: Նա ասում է, որ բացել է նաև իր հոգու դռները մարդկանց առաջ, բաժանել է  այն ամենը, ինչ  տրվում է մեկ անգամ՝ սերը, հարգանքը, սեփական ուրախությունն ու դրական հույզերը: Բայց անկախ ամեն ինչից մարդիկ շարունակ բողոքել են նրանից, վատաբանել նրան, անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերել իր հանդեպ և ցավ են պատճառել նրան:
Ես լիովին համաձայն եմ հեղինակի հետ: Մենք պետք է օգնենք և սիրենք մարդկանց առանց փոխադարձ սպասումների, քանի որ մարդկային էությունը անշնորհակալ է: Մենք պետք է օգնենք մարդկանց սեփական հոգու հանգստության  համար և անկախ  նրանց վերաբերմունքից պետք է շարունակենք սիրել մադկանց,քանի որ կյանքի գլխավոր իմաստը միմյանց և աշխարհի նկատմամբ սերն է: