среда, 1 октября 2014 г.

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

                                                 

Վարդան Այգեկցին Մխիթար Գոշի կրտսեր Ժամանակակիցն է, միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում: Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնկացել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին: Վախճանվել է 1250 թվականին:

Ստեղծագործությունը
Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Առակները
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին: Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ: Իր մշակած և հեղինակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ: Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է։ Այն հրատարակվել է 1668 թականին, Ամստերդամում։ «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։

Եզն և Ձի
«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. -Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես: Ձին ասաց. -Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա: Եզն ասաց. -Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»: Ինչպես Մխիթար Գոշի «Ոսկին և Ցորենը» առակում, այնպես էլ Այգեկցու որոշ առակներում ամենից բարձր է դասվում աշխարհը շենացնող տքնաջան աշխատանքը: «Եզն և Ձի» առակում Ձին պարծենում է, որ թագավորներն ու իշխանները ոսկով ու արծաթով են զարդարում իրեն և բազմում իր վրա: Եվ Եզը պատասխանում է. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում ու հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եթե ես չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք»:
Ջրաղաց և Եկեղեցի
«Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե ես եմ տաճար Աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու Աստծուն և պատարագ, և հաշտվում է Աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր, ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու Աստծուն»: Այս առակում ստեղծարար ժողովրդին մարմնավորում է ջրաղացը, որը բարձր է դասվում անգամ Աստծո տաճարից՝ եկեղեցուց:

Կտակ վասն գանձի
«Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. -Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի: Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով»: Բարեբեր աշխատանքն է իսկական գանձը, այս է ուսուցանում «Կտակ վասն գանձի» զրույցը, որտեղ աղքատ և իմաստուն հայրը իբրև թե այգում թաղված գանձերը գտնելու համար, իր ծույլ որդիներին ստիպում է փորել հողը: Եվ այդ աշխատանքը իսկապես գանձ է դառնում, քանի որ այգին աճում է և առատ բերք տալիս:

Առյուծ և մարդ
«Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. -Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում: Եվ նրանք ասացին. -Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Եվ առյուծն ասաց. -Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից: Եվ նրանք ասացին. -Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի: Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. -Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին: Եվ նա ասաց. -Այո, ես եմ: Առյուծն ասաց. -Արի կռվենք: Մարդն ասաց. -Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք: Առյուծն ասաց. -Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն ասաց. -Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Եվ առյուծը գոչեց. -Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել»: Այգեկցին, մշակելով ժողովրդական առակը, ձգտել է ցույց տալ, որ կենդանական աշխարհում ամենից բարձրը բանական մարդն է, որն իր հնարամտությամբ հաղթում է անգամ ամենազորեղ գազանին՝ առյուծին:
Իմաստուն զինոր
«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր: Զինվորներից մեկը նրան ասաց. -Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող: Եվ նա ասաց. -Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»: Իր առակներով ու զրույցներով Այգեկցին ձգտել է նպաստել ժողովրդի մարտական ոգու ուժողացմանը: Նա ուսուցանում է, որ խաղաղ ժամանակ արդեն պիտի պատրաստվել վերահաս պատերազմին: Եվ պատերազմի պիտի գնալ ոչ թե փախչելու, այլ՝ կռվելու և հաղթելու մտադրությամբ: Առակագիրը, սակայն, դեմ է անիմաստ և փուչ պատճառներից ծագող պատերազմներին: Այդ է ցույց տալիս նրա մշակած մի կաթիլ մեղրի մասին ժողովրդական զրույցը, որը նաև Հովհաննես Թումանյանի հայտնի բալլադի հիմքն է դարձել:
Աղբյուրը՝վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Վարդան Այգեկցին իր առակներում բանական մարդուն և նրա դերը վեր է դասում ամենից, ձգտում է ցույց տալ հասարակ մարդու աշխատանքի կարևորությունը:Նա խրախուսում է աշխատասիրությունը,քարոզում է քաջություն և արիություն:
Առակները արտահայտում են տվյալ ժամանակաշրջանի սոցիալական խնդիրները և այդքան էլ արդի չեն մեր ժամանակաշրջանում:Սակայն Այգեկցու առակները շատ  կարճ,պատկերավոր ու դյուրըմբռնելի են և կարծում եմ շատ լավ ուսուցողական և դաստիարակչական դեր կարող են ունենալ երեխաների կրթության մեջ:
Վարդան Այգեկցին առակների միջոցով պայքարում  էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։Կարծում եմ այս խնդիրները առկա են բոլոր ժամանակներում:
Ինձ համար այս առակները այդքան էլ հետաքրքիր չեն ընթերցանության համար,սակայն կարծում եմ Այգեկցու առակները իրենց պարզության և պատկերավորության շնորհիվ շատ հետաքրքիր և օգտակար ընթերցանության նյութ կարող են հանդիսանալ փոքր երեխաների համար: