вторник, 28 апреля 2015 г.

ԻՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

                        ԻՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ես սովորել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում ընդամենը մեկ տարի և չեմ հասցրել ամբողջական կարծիք կազմել դպրոցի մասին, սակայն կնշեմ որոշ դրական և, իմ կարծիքով, բացասական հատկանիշներ, որոնք նկատել եմ այս տարվա ընթացքում:
Կրթահամալիրը միանշանակ շատ է տարբերվում հանրապետության այլ դպրոցներից: Առաջին հատկանիշը, որ աչքի է ընկնում կրթահամալիրում՝ ազատությունն է: Այս դպրոցում աշակերտը իրեն ազատ է զգում գրեթե բոլոր առումներով: Ազատ է ուսուցչի ընտրությունը, որոշ առարկաների ընտրությունը, հագուստի ընտրությունը և վերջապես ամեն աշակերտ ինքն է կազմում իր անհատական ուսուցման ծրագիրը՝դպրոցի ղեկավարի հետ: Կրթահամալիրում մթնոլորտը շատ անկաշկանդ է և կարող եմ ասել, որ այս ուսումնական տարվա ընթացքում ես ճնշված չեմ եղել ոչ մի հարցում և պարտադրաբար չեմ կատարել ոչ մի առաջադրանք:
Մյուս տարբերությունը համակարգիչներով ուսուցումն է, որը կրթահամալիրի գլխավոր առանձնահատկություններից է: Ես միանշանակ կարող եմ ասել, որ գրքային ուսուցումը անձամբ ինձ համար շատ ավելի արդյունավետ և հաճելի էր: Համակարգչային գիտելիքները մեր ժամանակաշրջանում իհարկե անհրաժեշտություն են, սակայն Էլեկտրոնային եղանակով կատարված առաջադրանքից երբեք չես ստանում այն արդյունքը, որը կարող ես ստանալ հասարակ գրչով կատարված աշխատանքից, և էլեկտրոնային գրքից երբեք չես կարող ընկալել այն ամենը ինչ հասարակ գիրք կարդալուց: Իհարկե սա իմ անձնական կարծիքն է և գուցե շատերը չհամաձայնեն իմ  այս մտքի հետ:
Ամփոփելով՝կարող եմ ասել, որ իմ ավարտական ուսումնական տարին կրթահամալիրում անցել է հաճելի, անկաշկանդ մթնոլորտում և դպրոցից հեռանում եմ դրական տպավորություններով:

Համո Սահյան

   
               ՏԱՐ ԻՆՁ,ԺԱՄԱՆԱԿ

     Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
     Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
     Հուշերից որքան հեռու եմ կենում,
     Մեկ է, կապում են թևերս նրանք:

     Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
     Այնպիսի մի նոր հավիտենություն,
     Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
     Դառնում է արդեն խորին հնություն:
   
     Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
     Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
     Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
     Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
   
     Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
     Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
     Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
     Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
   
     Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
     Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
     Որ չմոլորվեմ քո ոլորտներում
     Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
   
     Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
     Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Համո Սահյանի <<Տար ինձ ժամանակ>> բանաստեղծությունն արտահայտում է մարդու վախը ժամանակի նկատմամբ: Բանաստեղծը նշում է ,որ ինքը վախենում է ետ մնալ ժամանակից,կյանքի ընթացքից և ապրել անցյալով՝ անցյալի հուշերով:Նա ցանկանում է քայլել ժամանակին համահունչ և ժամանակից թևեր է խնդրում՝ ճախրելու համար:
Ես կարծում եմ, որ հաճախ մեր մտքերը, երազանքները, անցյալի քաղցր կամ ցավոտ հիշողությունները ստիպում են մեզ կորցնել ժամանակի զգացողությունը, ապրել հուշերով՝այն ակնթարթներով, որոնք այդքան հարազատ և թանկ են մեզ համար: Բայց ժամանակը սրընթաց առաջ է շարժվում և մենք պետք է փորձենք քայլել նրան համահունչ՝թողնելով ետևում մեզ համար թանկ անցյալը, հուշերը և երազանքները...

                          ՀՈԳՆԵԼ ԵՄ

     Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
     Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
     Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
     Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
     Կշտամբանքներով ռմբակոծվելուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
     Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
     Ամեն պարողի ծափահարելուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
     Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
     Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
     Հոգնել եմ արդեն:
   
     Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
     Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
     Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
     Հոգնել եմ հոգնել:

Այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը պատմում է, թե որքան է հոգնել տարբեր երևույթներից կյանքում: Նա նշում է,որ հոգնել է մարդկանց օգնելուց,  մարդկային կանոններով ապրելուց, կեղծիքից և արտաքին աշխարհի այլ տհաճ երևույթներից: Այս ամենից զատ նա հոգնել է նաև իր սեփական մտքերից, սեփական մտքերի դեմ պայքարից, իր ներսում տիրող  խառնաշփոթից  և  հոգեկան ցավից: Եվ այս ամենի արդյունքուն նա հոգնել է նույնիսկ հոգնելուց:
Իսկապես երբեմն մենք այնքան ենք հոգնում մեզ շրջապատող աշխարհից, մարդկանցից, երևույթներից և մեր սեփական մտքերից, որ այդ ամենի արդյունքում հոգնում ենք անդադար հոգնելուց:

        ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻԿ
   
     Աշխարհում միշտ բաց են եղել
     Դռներս կրնկի վրա...
     Ելնողին չեմ ասել՝ արի՛,
     Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
     Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
     Բոլորը բաշխել եմ ձրի՝
     Եվ հացի պատառը վերջին,
     Եվ վերջին կաթիլը ջրի։
   
     Բաշխել եմ եղածի չափով,
     Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ...
     Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
     Երբեմն հատիկ առ հատիկ։
   
     Բաշխել եմ կրակ ու կորով,
     Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
     Թե մեկից մի բան եմ խնայել,
     Իմ ցավն եմ խնայել մենակ։
   
     Բաշխել եմ ինչ որ աշխարհում
     Տրվում է միայն մեկ անգամ,
     Ու որքան առատ եմ բաշխել,
     Դժգոհ եք եղել դուք այնքան։
   
     Ասել եք, խոսել, բողոքել
     Եվ անգամ նախանձել, որ կամ,
     Կոչել եք դժկամ ու դժնի,
     Ժլատ եք կոչել ինձ անգամ...
   
     Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
     Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
     Եվ ինձնից առածի տեղակ
     Հոգսեր ու ցավեր եք տվել։
   
     Որքան էլ ինձնից հեռացել,
     Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
     Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
     Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
   
     Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
     Ասում եմ որերորդ անգամ,
     Առանց ձեզ ոչ միայն ապրել,
     Ես մեռնել չեմ կարող անգամ։

Համո Սահյանի այս բանաստեղծությունը իմ ամենասիրելի բանաստեղծություններից է: Հեղինակը դիմում է մարդկանց, պատմում է որ իր ողջ կյանքի ընթացքում սիրել է  բոլոր մարդկանց, բաժանել իր նյութական ունեցվածքը նրանց, բացել է իր տան դռները բոլորի առաջ և իր վերջին ունեցածը բաժանել է մարդկանց: Նա ասում է, որ բացել է նաև իր հոգու դռները մարդկանց առաջ, բաժանել է  այն ամենը, ինչ  տրվում է մեկ անգամ՝ սերը, հարգանքը, սեփական ուրախությունն ու դրական հույզերը: Բայց անկախ ամեն ինչից մարդիկ շարունակ բողոքել են նրանից, վատաբանել նրան, անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերել իր հանդեպ և ցավ են պատճառել նրան:
Ես լիովին համաձայն եմ հեղինակի հետ: Մենք պետք է օգնենք և սիրենք մարդկանց առանց փոխադարձ սպասումների, քանի որ մարդկային էությունը անշնորհակալ է: Մենք պետք է օգնենք մարդկանց սեփական հոգու հանգստության  համար և անկախ  նրանց վերաբերմունքից պետք է շարունակենք սիրել մադկանց,քանի որ կյանքի գլխավոր իմաստը միմյանց և աշխարհի նկատմամբ սերն է: