воскресенье, 10 мая 2015 г.

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թեև XVI–XVIII դարերում Արևելյան Հայաստանում կային բազմաթիվ մելիքություններ, սակայն այդ իշխանություններից առավել անվանի էին Արցախի հինգ` Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ: Խամսայի մելիքությունները Արցախ–Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հետ։ Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար տիրապետողները 15-րդ դարամիջում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ։ Շահ Աբասն առաջինն էր, որ հաստատեց հայոց իշխանների ‹‹մելիք›› տիտղոսը, որը կրում էին ավելի հին ժամանակներից: Դրանով Շահ Աբասը կամեցավ վարցատրել այն մեծ ծառայությունը, որ հայ մելիքները կատարեցին նրա` օսմանցիների դեմ հաղթությունների մեջ: Խամսայի մելիքները հատկապես հզոր էին XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին, պատմական այդ շրջանում նրանք գլխավորել են հայ ազգային-ազատագրական շարժումը՝ ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների։

XVIII դարի սկզբին Պարսկաստանում ծայր առած անիշխանությունը սպառնում էր նրա ամբողջականությանը: Պարսկաստանի մասնատումից իրենց բաժինն էին ցանկանում ստանալ և՛ հարեւան Թուրքիան` իր համար տեղում ձգտելով ապահովել Դաղստանի լեռնցիների օժանդակությունը, և՛ Ռուսաստանը` օգնականներ պատրաստելով հայերի ու վրացիների շրջանակներում: Միաժամանակ Ռուսաստանը իրեն էր վերապահում նաև քրիստոնյա ժողովուրդների ազատագրման առաքելությունը: Այդ իրավիճակում ավելի բարենպաստ պայմաններ էին ստեղծվել արցախցիների ազատագրական պայքարի համար:

Գնահատելով թուրքերի դեմ մղված պայքարում հայերի բազմաթիվ ծառայությունները Իրանի Նադիր շահը 1736 թ. ճանաչել է Արցախի մելիքների ինքնիշխանությունը և վերահաստատել նրանց դաշնային ինքնավարությունը` Խամսայի մելիքություններ (հինգ մահալ, պարսկերեն` ՙՄահալե խամսե՚) անունով: Իսկ Դիզակ գավառի տիրակալ Մելիք-Եգանը նշանակվել է Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ: Նա ուղղակիորեն ենթարկվում էր Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի Թավրիզ քաղաքում: Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի հինգ մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարանին: Այսպիսով, Անդրկովկասում ՔարթլիԿախեթի վրացական վալիության կողքին, առաջին անգամ ստեղծվում էր նաև հայկական առանձին բեկլարբեկիություն: Համեմատության համար նշենք, որ իրանցիների կողմից վրաց թագավորները ճանաչված էին սոսկ որպես ՙկառավարիչներ՚ կամ ՙվալիներ՚ ու ՙխաներ՚: Այդ արգելք չէր,  որ  վրաց  նույն  այդ  իշխողները թագավորներ կոչվեին Վրաստանում և որպես այդպիսիներ նաև ճանաչվեին վրաց միջնադարյան հանրության կողմից:

Ինչպես նշվեց, Խամսայի մելիքությունների դաշնակցության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնք տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը: Յուրաքանչյուր մելիքությունում վարչա-քաղաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում յուզբաշի-հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից: Խամսայի մելիքությունների զորավար-հարյուրապետները եռանդուն գործունեություն ծավալեցին առանձնապես XVIII դ. սկզբի ազատագրական շարժումների ընթացքում: Մելիքներից ոմանք իրենց հպատակությունն էին հայտնել նվաճողներին` նրանց հանդեպ կատարելով բոլոր պարտավորությունները: Սակայն, Սյունիքում և Արցախում մելիքները թեև ընդունել էին նվաճողների գերիշխանությունը, բայց ներքին կառավարման հարցերում, այսինքն` հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն: Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք:

Վերոնշյալ նահանգներում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահի հրովարտակով, սակայն այն, ըստ էության, ուներ ժառանգական բնույթ: Այս հանգամանքը նպաստում էր մելիքական տների զորացմանը:

Հայկական ինքնավար այս իշխանությունները XVII դ. վերջերից փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–1735 թթ. մարտնչել են Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ, ինքնաբերաբար դաշնակցելով Իրանին: Եվ հենց կենտրոնական իշխանության բացակայության այդ պայմաններում է, որ Հայոց Սղնախները[5]/ամրացված տեղ/, որպես ռազմաքաղաքական միավորումներ, իրականացրել են իրենց երկրամասի կառավարումը և անվտանգության ապահովումը: Իր ազատությունը պաշտպանելու նպատակով լեռնաշխարհի հայությունը դիմել է կենաց և մահու պայքարի:

Մելիքների ջանքերով էր, որ Արցախում XVII դարի վերջերից ծնվում եւ գլուխ է բարձրացնում պարսկական լծից հայրենիքի ազատագրման գաղափարը: Այս ժամանակահատվածում հայերը, զինված պայքարին զուգահեռ, դիվանագիտական ջանքեր էին գործադրում` հայացքն ուղղելով սկզբում դեպի Եվրոպա եւ ապա` Ռուսաստան: Այդ պայքարի հետ են կապված այնպիսի քաղաքական ու ռազմական գործիչներ, ինչպիսիք են Իսրայել Օրին, Մինաս վարդապետը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Ջալալյանը, Ավան, Թարխան յուզբաշիները /հարյուրապետ/:

17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախիմելիքությունների ազատագրական ձգտումներին։ XVIIIդ. այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815թ.-ը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։

Խամսայի մելիքությունները ժամանակի ընթացքում բավական հզորանում են ու իրենց գրաված աշխարհագրական նպաստավոր դիրքով ռազմական մեծ նշանակություն ձեռք բերում` վերածելով երկրամասը մի անառիկ բերդի: Սակայն, ներքին երկպառակությունների հետևանքով սարուջալլի թուրքական ցեղից սերած նախկին ավազակապետ Փանահին հաջողվեց ներխուժել Հյուսիսային Ղարաբաղ և, հաստատվելով այստեղ, հիմնել, այսպես կոչված, «Ղարաբաղի խանությունը»: Փանահ խանին հաջորդած նրա որդի ու Վարանդայի Մելիք Շահնազար Բ-ի փեսա Իբրահիմ խանը 1785 թվականին դավադրաբար սպանում է Ջրաբերդի, Գյուլիստանի եւ Դիզակի մելիքներին` գրավելով Գանձասարի վանքը` հայոց ազգային-ազատագրական շարժման օջախը, ինչի արդյունքում էլ Խամսայի մելիքությունը վերջնականապես փլուզվեց:

Սյունիքի և Արցախի հայկական իշխանություննների համեմատական վերլուծություն: Ե՛վ Սյունիքի հայկական իշխանությունը, և՛ Արցախի հայկական մելիքությունները կարևոր դեր խաղացին միջնադարի հայոց պատմության մեջ: Պետականության և կենտրոնական իշխանության պայմաններում նրանց վրա էր դրված հայ բնակչության ինքնապաշտպանության և ռազմաքաղաքական կյանքի ղեկավարման դժվարին գործը: Սյունիքում Դավիթ-Բեկի, իսկ Արցախում հայ մելիքների գլխավորությամբ որոշակի ժամանակով հաջողվեց վերականգնել հայկական ինքնիշխանությունը, որը համառ պայքարի արդյունքն էր: Պարսկական շահը դաշինք կնքեց Դավիթ Բեկի հետ և ճանաչեց նրա իշխանությունը, իսկ Արցախում վերահաստատեց ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունը: Մելիքներին էր պատկանում հարկահանման իրավունքը, իսկ Դավիթ Բեկն ուներ նաև դրամ հատելու իրավունք: Ի տարբերություն Սյունիքի իշխանության, Խամսայի մելիքների իշխանությունը շահի կողմից ճանաչվել էր ժառանգական: Հայկական երկու իշխանությունների համար էլ ընդհանուր էր օսմանյան ուժերի դեմ պայքարում պարսկական իշխանության, Սյունիքի իշխանության պարագայում նաև վրացական ուժերի հետ համագործակցությունը և օտար լծից ազատագրվելու ռազմական ու դիվանագիտական ճանապարհներին դիմելը: Նշենք նաև, որ Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը` Գանձասարի կաթողիկոսությունը, որը եռանդուն մասնակցություն էր ունենում ազատագրական շարժման մեջ: Սակայն, պետք է նշել, որ հայկական ինքնավարության երկու օջախներն էլ անկում ապրեցին ներքին երկպառակությունների և անհամաձայնությունների պատճառով: Սյունիքում դա պայմանավորված էր թշնամու դեմ պայքարը շարունակելու հարցում Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի տարաձայնությամբ, իսկ Արցախում հայ մելիքների շրջանում Փանահ խանի դավադիր գործողություններով:

Այսպիսով, Սյունիքում և Արցախում հայկական իշխանության վերահաստատումը XVIII դարի հայ-ազատագրական շարժման և թուրքական ուժերի դեմ պայքարում ձեռք բերած հաղթանակների թեև ժամանակավոր, բայց կարևոր ու նշանակալից ձեռքբերումն էր:

Комментариев нет:

Отправить комментарий