среда, 28 января 2015 г.

ԵՐԱԶԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ

                                               ԵՐԱԶԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ

Յուրաքանչյուր նոր կյանք երազանքի ուրույն ուղի է: Մարդիկ յուրաքանչյուր տարիքում ունեն երազանքներ: Մանուկ հասակում մեր երազանքները առավել գունավոր և հեքիաթային են,իսկ գիտակցական տարիքում մեր երազանքները դառնում են ավելի հստակ և իրատեսական՝վերածվելով նպատակների: Երազանքները յուրաքանյուրիս կյանքում հսկայական և անփոխարինելի դեր են կատարում : Կյանքում ամենադժվար պահերին երազանքներն են մեզ ստիպում հավաքել ուժերը և շարժվել առաջ:
                                                 

Կարծում եմ յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն և կարողություն իրականացնելու սեփական երազանքները: Սակայն կյանքում ամեն ինչ չէ կախված մեզանից և շատ դժվար է կյանքում չկորցնել երազանքները և հավատը դրանց հանդեպ: Մարդիկ հաճախ հանգամանքների բերումով ստիպված են լինում հրաժարվել իրենց երազանքներից: Յուրաքանչուր կոտրված երազանք մի փոքր դատարկություն է բերում մեր կյանք, քանի որ հենց երազանքներն են լցնում և գունավորում մեր կյանքը: Բայց անկախ ամեն ինչից պետք է ուժեղ լինել, պահպանել երազանքները սրտում և ամեն գնով ձգտել դրանց իրականացմանը: Պետք է գիտակցել,որ յուրաքանչյուր երազանքի իրականացումը մեծ ճանապարհ է, որը երբեք հարթ չի լինում: Երազանքները տարբեր են, իսկ դրանց իրականացման ճանապարհը մեկն է՝մեծ հավատ և ձգտում:
                                         
Ես ունեմ և՛ իրականանալի,և՛ անիրականանալի երազանքներ: Իրականանալի երազանքները դարձել են իմ կյանքի նպատակը, իսկ մյուս`անիրականանալի երազանքները պարզապես գունավորում և պայծառ են դարձնում իմ կյանքը: Իմ սրտում երազանքները մեծ տեղ են զբաղեցնում և անկախ դժվարություններից ես փորձում եմ պահպանել դրանք: Չէ որ հնարավոր չէ ապրել առանց երազանքների....

воскресенье, 25 января 2015 г.

Թեստային առաջադրանք

1.Որ գետն է սահմանակից Հայկական լեռնաշխարհին հյուսիսից?(4)
1)Ճորոխ     2)Արաքս        3)Տիգրիս     4) Կուր

2.Որն է Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթը?(3)
1)Մեծ Մասիս    2)Փոքր Մասին    3)Արագած    4)Սիփան

3.Քանի կիլոմետր երկարություն ունի Տիգրիս գետը?(1)
1)400         2)345                3)100                    4)1113

4.Քանի քառակուսի/կիլոմետր տարածք է զբաղեցրել պատմական Կիլիկիան?(2)
1)85հազ.               2)80հազ.               3)310հազ.       4)20հազ.

5.Որ լեռաշղթան է տեղակայված Հայկական լեռնաշխարհի հարավում?(4)
1)Գեղամա            2)Արցախի     3)Պար            4)Տավրոս

6.Որ լեզվաընտանիքին է պատկանում հայերենը?(1)
1)հնդեվրոպական   2)կովկասյան   3)ասիական  4) սլավոնական

7.Մեծ Հայքի Վասպուրական նահանգը քանի գավառ է ունեցել?(3)
1)21           2) 54           3)37            4)33

8.Ով է Վանի թագավորության առաջին թվագրվող արքան?(4)
 1)Արշակ 1      2)Տրդատ1        3)Սալմանասար1         4)Արամու Ուրարտացի

9.Նաիրի երկիրը առաջին անգամ որ դարում է հիշատակվում?(2)
1)4         2)13            3)12        4)9

10.Ք.ա. որ դարում է Հայաստանում սկսվել հելլենիզմի դարաշրջանը?(4)
1)2              2)5        3)12         4)3

11.Վանի զորքերը որ թվակակականին են գրավել Կեխունին?(2)
1)784        2)782             3)640          4)710

12.Երբ է Պարույր նահապետը հռչակվել թագավոր?(1)
1)612              2)609            3)598             4)615

13.Քանի կմ երկարություն ունի Մենուայի ջրանցքը?(3)
1)86              2)76                3)72           4)65

 14.784թ. որ երկիրը գրավելց Արգիշտի 1-ը?(2)
1)Դիաուխի         2) Աբիլիանի    3)Մելիտինի    4)Էթուինի

15.Մինչև որ թվականն է թագավորել Ռուսա1-ը?(4)
1)735         2)720            3)718               4)710

16.Որ արքայի օրոք էր Վանի թագավորության բանակը հասնում 350 հազարի?(2)
1)Արգիշտի 2            2)Սարդուրի 2        3)Սարդուրի 1        4)Արգիշտի 1

17.Ով է հաջորդել Տիգրան 1արքային?(3)
1)Արտավազդ 1     2)Արտաշես 1        3)Տիրգան 2       4)Արտաշես 2

18.Ք.ա. որ թվականին է կնքվել Արտաշատի հայ-պոնտական դաշինքը?(2)
1)93                   2)94            3)101            4)90

19.Ք.ա 201թ. ով նշանակվեց Մեծ Հայքի ստրատեգոս?(3)
1)Զարեհ            2)Արտավազդ      3)Արտաշես        4)Անտիոքոս

20.Ք. ա. որ թվականին Արտաշես 1-ը ընդունեց հողային բարեփոխումների մասին օրենքը?(3)
1)178             2)185                  3)180              4)190

21.Ք.ա 93թ. որ տարածքը նվաճեց Տիգրան Մեծը?(2)
1)Ատրպատական       2)Կապադովկիա    3)Վիրք            4)Աղվանք

22.Ք.ա որ թվականին Հռոմում ստեղծվեց առաջին եռապետությունը?(4)
1)35             2)78             3)80               4)60

23.Որ թվականներին է Հայաստանում թագավորել Արիոբարզանեսը?(3)
1)Ք.ա.6-4թթ.       2)Ք.ա. 5-2թթ.        3)2-4թթ.        4)12-16թթ.

24.Երբ է տեղի ունեցել Հռանդեայի ճակատամարտը?(1)
1)62թ .            2)67թ.                  3)54թ.            4)64թ.

25.Երբ է Տրդատ 1-ը կառուցել Գառնիի ամրոցը?(3)
  1)79թ.           2)74թ.             3)76թ.                4)84թ.

пятница, 9 января 2015 г.

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

                                                         ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
                                                          ( 1875-1957թթ.)
1875թ. հոկտեմբերի 30 - ծնվել է Ալեքսանդրապոլում: Հայրը՝ Սահակ աղան ուներ ջրաղաց ,տարվա մեծ մասը ընտանիքով անցկացնում էին ջրաղացի մոտ: Ախուրյան գետի ափի ջրաղացը՝ այդ գողտրիկ անկյունը հրաշալի ձևով տպավորվել էր Իսահակյանի հիշողությունում:
Նախնական կրթություն ստացել է տեղի Փրկչաց հոգևոր դպրոցում:1885թ. դպրոցը փակվում է, Իսահակյանը  1 տարի սովորում է ռուսական դպրոցում, ապա Հաճիռի վանքի դպրոցում:
1889թ. սեպտեմբեր - ընդունվում է Գևորգյան ճեմարան, որտեղ  առաջին բանաստեղծական քայլերն է կատարում:Այնտեղ նրան ուսուցանում է Հովհաննես Հովհաննիսյանը:
1892թ.-ընդունվում է Գերմանիայի Լայպցիգի համալսարան: Հայրենիք վեադառնալուն պես նրան մեկ տարով ձերբակալում են, ապա աքսորում Օդեսա: Սկսվում է նրա անվերջանալի ասպանդական կյանքը:
1897թ.-մեկնում է Շվեյցարիա, ընդունվում է Ցյուրիխի համալսարան՝ փիլիսոփայության ֆակուլտետ: Այնուհետև կարճ ժամանակով այցելում է հայրենիք, ապա լինում է բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում,գրեթե ողջ աշխարհում:
1926թ.- Իսահակյանը վերադառնում է Հայաստան՝արդեն որպես ճանաչված բանաստեղծ:
1930թ.-մեկնում է Հայաստանից՝ ընտանիքի հետ վերջնականապես վերադառնալու նպատակով:
1936թ.- վերջնականորեն հաստատվում է հայրենիքում և զբաղվում գրական գործունեությամբ:
1946թ.-ից-եղել է գրողների միության նախագահ, ստացել է Լենինի շքանշան:
1957 թ. հոկտեմբերի 17-մահացել է և թաղվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

                                   << ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ>>
                           
     «Աբու-Լալա Մահարի» պոեմը Իսահակյանը գրել է 1909թ.:

<< Կույր ու գուլ մարդիկ,առանց երազի,առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն այս ահավոր ջեհնեմ>>:

<<Աբու-Լալա Մահարի>>-ն քնարական պոեմ է, գրված ռոմանտիզմի մեթոդով:
Պոեմում հեղինակը հերոսի միջոցով մարդու և աշխարհի մասին իր խոհերն է պատմում: Իբրև հերոս Իսահակյանը ընտրել է 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբու-Լալա Ալ Մահարուն: Շատերի կարծիքով <<Աբու-Լալա Մահարին>> մարդատյացության արգասիք է,սակայն Իսահակյանը այնքան մարդասեր է եղել, որ ցանկացել է մարդուն զերծ տեսնել այն բոլոր արատներից,որոնց մասին խոսվում է պոեմում:
<<Աբու-Լալա Մահարի>>-ն ունի արևելյան ծագում,որը արտահայտվում է նաև կառուցվածքում: Պոեմը բաղկացած է սուրահներից:
Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքով՝ երկուական տողերով՝յուրաքանչյուրը քսանական վանկ:
Աբու-Լալան ատում է մարդկանց,ատում է նրանց կեղծավորությունը և ստորությունը, ագահությունն ու ժլատությունը: Նա քննադատում է կեղծ ընկերներին,որոնց կարելի գնել փողով: Նա նախընտրում է օձ-կարիճների ընկերությունը ,քան այդ ընկերներին: Նա մարդու մեջ ամենից շատ ատում է հոգու կեղծիքը, գտնում է,որ ավելի լավ է գազանների հետ ճաշի նստել և ողջունել բորենիներին, քան իր կեղծ ու ժպտադեմ ընկերներին տեսնել:

<< Խփեմ վրանըս,օձ-կարիճների բըների գլխին վըրանս խփեմ.
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ,քան թե մարդկանց մոտ կեղծ ու ժպտադեմ>>:

Աբու-Լալան կնոջ սերը համեմատում է շղթայի ու կապանքի, պատրանքի և կեղծիքի հետ: Նրա կարծիքով կինը խորմանակ է և խաբող,հավերժ նենգամիտ: Ավելի լավ է հանձնվել ծովին,քան թե հավատալ կնոջ խոստումին: Աբու-Լալան սրիկա է կոչում բոլոր հայրերին որոնք,գոյության են կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի: Եվ տարօրինակ չէ, որ Աբու-Լալայի գերեզմանին գրված է. <<Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, բայց չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ>>:

<<Եվ կինն ինչ է....խորամանկ,խաբող,առնախանձ մի սարդ ,հավերժ նենգամիտ,
Որ հացդ է սիրում,համբույրի մեջ սուտ և գրկիդ մեջ գրկում ուրիշին>>:

Աբու-Լալան դատապարտում է առեղծվածային կյանքը,որը կարծես հեքիաթ լինի,որի ոչ սկիզբ է երևում,ոչ էլ՝ վերջը: Նա փորձում է հասկանալ, թե ով է հյուսել այդ հեքիաթը և ով էայն անվերջ պատմում ամեն նորածնին և ավարտում նրա կյանքի հետ մեկտեղ:
<<Կյանքը երազ է,աշխարհը՝հեքիաթ,ազգեր,սերունդներ-անցնող քարավան>>

Բանաստեղծը ատում է օրենքները, որոնք թունավորում են մարդկանց կյանքը: Oրենքները ուժեղների ձեռքի սուրն են,որը ճոճում են թույլերի գլխին: Նա քննադատում է չար մարդկանց և նրանց պիղծ քայլերը:

<<Եղկելի մարդիկ,փոշի կդառնան ձեր վատ սրտերը,ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբի-կավլի պիղծ հետքերը ձեր>>>:

Պոետը ատում է մարդկային դաժանությունը: Նա չի ցանկանում վերադառնալ մարդկանց մոտ և ուզում է, որ հողմերը քշեն նրանց կեղտոտ հետքերը: Նա առավել սիրում է մենակությունը,քան կնոջը,նախընտրում է իր քարավանը,քան ընկերներին:

<<Բարեկամն ինչ է -լավիդ նախանձղ,քայլիդ խուզրկու,բամբասող ,ագահ.
Ծանոթ շները չեն հաչում վրադ,ծանոթ մարդիկ են հաչում քո վրա>>:

Աբու-Լալան նողկում է մարդկային փառքից ու պատվից և այն համարում է ոչինչ,քանի որ այն կարելի է գնել ոսկով և վախ ներշնչելով:

<<Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն>>:

Բանաստեղծը ատում է նաև հայրենիքը, համարելով այն՝պերճ արոտավայր հարուստների ցոփ: Նա քննադատում է նաև իշխանությանը,որ միշտ ուշեղների կողմից է:

<<Յոթն անգամ ահա ատում եմ ,ատում իշխանությունը-սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր,պատերազմների հավերժ հերյուրող>>:

Պոետը ատում է նաև մարդկանց՝համարելով նրանց դիմակված դևեր,որոնք ունեն անտես ճիրաններ: Ըստ նրա լավ մարդկանց աշխարհում տանջում են վատ մարդիկ,որոնք աղքատության մեջ քծնող են ու վախկոտ, իսկ հարստության մեջ լկտի, չարախինդ:

<<Տարեք,տարփողեք խոսքս հրեղեն,որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ ,ավելի զազիր,քան մարդը դաժան-այդ մարդն է նորեն>>:

Աբու-Լալան տենչում է անսահմանափակ ազատության և ցանկանում է,որ հողմը պատի ողջ աշխարհը և հավերժական ազատություն տիրի:Նա արևին համարում է իր մայրը և հեռանալով աշխարհից գնում է իր <<մոր>> գիրկը:

<<Դու միակ բարի,դու միակ իմ սեր,դու միայն սուրբ,մայրական դու գիրկ,
Դու հավետ գթոտ,մահը խորտակող,դու գերահրաշ,միակ գեղեցիկ>>:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՕՐՈՔ

                          ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՕՐՈՔ
                                             
                                       

Տիգրան Մեծը Արտաշեսյան արքայատոհմի չորրորդ արքան է, Տիգրան 1-ի որդին

Արտաշես 1-Ք.ա.189-160թթ.

Արտավազդ 1-Ք.ա.160-115թթ.                  

Տիգրան 1- Ք.ա.115-95թթ.

 ՏԻԳՐԱՆ 2-րդ ՄԵծ-95-55թթ

Ք.ա. 95թ.- Հոր՝Տիգրան 1-ի մահից հետո,Տիգրան Մեծը զիջում է Պարթևստանին 70 հովիտներ կոչվող տարածքը պարթևների արքա Միհրդատ 2-րդին և ազատվում գերությունից:Նա գերի էր ընկել,քանի որ Հայաստանը ընդունել էր Պարթևստանի գերիշխանությունը և Տիրգրան 2-րդի հորեղբայրը՝Արտավազդ1- ը կարգի համաձայն նրան պատանդ էր հանձնել Պարթևստանին:

Ք.ա.95թ.- Տիգրան 2-րդը 45 տարեկան հասակում ,ազատվելով գերությունից վերադառնում է Հայաստան և Աղձնիք նահանգում թագադրվում է հայոց արքա:

Ք.ա.94թ.-Տիգրան Մեծը կատարել է 3 նշանակալից գործ՝
-Մեծ Հայքին է միացրել Ծոփքը և սպանել է տեղի թագավորին՝Արթանեսին
-Ծոփքը նվաճելուց հետո Տիգրանը Մեծ Հայքին է միացրել նաև Կորդուքը

-Ք.ա.94թ.-ին Արտաշատում կնքվում է հայ-պոնտական հաշտության պայմանագիր բաղկացած մի քանի կետերից.
1) Հայաստանը տարածքային նվաճումներ էր իրականացնելու 3 ուղղությամբ՝հյուսիս, հարավ և արևելք, իսկ Պոնտոսը՝արևմուտքում(Միհրդատ 4-րդ արքայի գլխավորությամբ;
2) Հայաստանը և Պոնտոսը միահամուռուժերով պետք է նվաճեին Կապադովկիայի թագավորությունը: Տարածքը անցնելու էր Պոնտոսին, իսկ շարժական գույքը՝Հայաստանին;
3) Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Տիգրան Մեծ արքան պետք է ամուսնանար Միհրդատ 4-րդ արքայի դստեր՝Կլեոպատրայի հետ

Ք.ա.93թ.-Հայաստանի և Պոնտոսի զորքերի նվաճեցին Կապադովկիաին,սակայն Կապադովկիային Ք.ա.92օգնության հասավ Հռոմը՝հրամանատար Սուլլայի գլխավորությամբ

Ք.ա.92թ.- Տիգրան Մեծը նվաճեց Վիրքը և Աղվանքը և այսպիսով ավարտվեց Տիգրան Մեծի նվաճումների 1-ին փուլը

2-րդ փուլ՝Ք.ա.88թ.-Պարթևստանում թագադրվեց Գոդերձ 2-րդը՝Միհրդատ 2-րդի մահից հետո

Ք.ա.87թ.-Տիգրան Մեծը նվաճեց Ատրպատականը

Ք.ա.87թ.-Տիգրան Մեծը նվաճեց Էքբաստանը, որտեղ կնքվեց հայ-պարթևական հաշտության պայմանագիր,պարթևներին  զիջեցին Ատրպատականը: Տիգրան Մեծը ստացավ <<արքայից արքա>> տիտղոս,այնուհետև նվաճեց Ադիաբենեն,Եդեսիան(Օսրոյեն) և Միկդոնիան

Ք.ա.84թ.-Տիգրան Մեծը նվաճեց Սելևկյան թագավորությունը(Ասորիք,այժմ Սիրիա) մայրաքաղաք՝Անտիոքը, հետո նա նվաճեց Կիլիկիան,Կոմմագենը,Փյունիկիան,Նաբաթեան,Հրեաստանը: Հասնելով Կարմիր ծով Տիգրան Մեծը իրեն է ենթարկեցնում արաբական ցեղերին:

Ք.ա.71թ.-Տիգրան Մեծը գրավեց Պտղոմայիս քաղաքը և մահապատժի է ենթարկում Սեկևկյան թագուհի՝Սելենային

Ք.ա. 71թ.- հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, մերժեց հռոմեացիների պահանջը։

Ք.ա. 69թ.գարնանը- հռոմեական բանակը, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և  շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Ծրագիրը ձախողվեց։ Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանեց: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։
Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների  ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Ք.ա.69թ.սեպտեմբերին- Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Հայկական մի զորամաս մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Հայկական բանակի թիվը 300 հազար զինվոր էր։

 Ք.ա. 68 թ.գարնանը- Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և շարժվեց Արտաշատ։ Հայկական բանակը հարձակումներով ջլատում էր հռոմեացիների ուժերը:Սեպտեմբերի 22-ինԱրածանիի ճակատամարտում հռոմեական բանակը  պարտություն կրեց։

 Ք.ա. 67 թ.- հայկական բանակը ներխուժեց Կապադովկիա:Հռոմեական զորքերի հրամանատար նշանակվեց  զորավար  Գնեոս Պոմպեոսը։ Ժամանելով Արևելք, դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրան Կրտսերը։ Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց Արտաշատը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը:

Ք.ա. 66 թ.սեպտեմբերին -Պոմպեոսի զորքը մոտեցավ Արտաշատին: Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, ըստ որի՝
Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։
Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։

Ք.ա. 64 -Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ   Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։  Տիգրան Մեծիի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին:

среда, 7 января 2015 г.

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ

<<ՍԱՍՆԱ ԾՌԵՐ>> ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ
                                                          

<<Սասնա Ծռերը>> հայ ժողովրդի դյուցազներգության հանճարն է:<<Սասնա Ծռերը>> բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը արտահայտում է սերունդների ստեղծագործական մտքի և ջանքերի ամբողջությունը: Այն միավորում է  տարբեր սերունդների ընդհանրական միտքը և պատմությունը:
Դյուցազներգությունը արտահայտում է ժողովրդի ազգային աշխարհընկալումը և իր կենսունակությամբ ներկայացնում է ժողովրդի հավաքական մտածողությունը և արժեքները: Ժողովրդական վեպն ունի հնագույն ծագում: Վեպը վերջնականապես ձևավորվել է 8-10դդ. տեղի ունեցած իրադարձությունների՝բռնապետության դեմ հայերի համառ պայքարի և նվաճած անկախության ընթացքի հիման վրա:

<<Սասնա Ծռեր>> պատումներ

Դյուցազնավեպը վերապատմել են տարբեր ձևերով: 1874թ., Կ-Պոլսում վիպասաց Կրպոյից գրի է առել և հրատարակել Գարեգին Սրվանձտյանը, այնուհետև Մանուկ Աբեղյանը, Գարեգին Հովսեփյանը և այլոք: Հայտնի է ավելի քան 150 պատում: <<Սասնա Ծռեր>> հիմնական համահավաք բնագիրը կազմվել է 1939թ.-ին,կրում է <<Սասունցի Դավիթ>> վերնագիրը և ներկայացնում է 50 պատումների ընդհանրական սյուժեն: Բաղկացած է 4 ճյուղից իրենց գլխավոր հերոսներով՝ 1)<<Սանասար և Բաղդասար>>, 2)<<Մեծ Մհեր>>, 3)<<Սասունցի Դավիթ>>, 4)<<Փոքր Մհեր>>: Հերոսները կապված են հայր-որդի արյունակցական կապով և օժտված են գերբնական ուժով, չարը կործանելու հաստատությամբ:

<<ՍԱՆԱՍԱՐ և ԲԱՂԴԱՍԱՐ>>

Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադ խալիֆին,հարկահանները տեսնելով թագավորի չքնաղ դստերը՝Ծովինարին, հայտնում են այդ մասին խալիֆին և նա կնության է պահանջում Ծովինարին: Մերժվելուց հետո նա զորք է ուղարկում Հայաստան, կոտորելու ժողովրդին:Ծովինարը համաձայնվում է ամուսնանալ՝հանուն հայրենիքի: Երեկոյան զբոսնելիս նա երկու բուռ ջուր է խմում Կաթնաղբյուրից և Բաղդադում՝լիքը բուռ ջրից ծնվում է մեծ,մարմնեղ՝Սանասարը, կիսատից՝փոքրամարմին Բաղդասարը: Խալիֆան որոշում է մեծանալուն պես սպանել նրանց, սակայն նրանք մեծանում ու զորեղանում են, կոտորում դահիճներին և խալիֆայի զորքը: Խալիֆան ստիպված հաշտվում է ստեղծված վիճակի հետ:
Խալիֆան յոթ տարի կռվից հետո պարտվում է Գագիկ թագավորին,նա իր կուռքերին խոստանում է ազատվելուց հետո տղաներին զոհաբերել: Ծովինարը իմանում է այդ մասին և տղաներին հեռացնում է Բաղդադից: Տղաները զորեղ առվի մոտ  բնակեցնում են քառասուն աղքատ ընտանիք և իրենց համար կառուցում են Սասնա ամրոցը: Մի օր Սանասարը լողում է Կաթնաղբյուրում, ավելի է զորանում և այնտեղից դուրս է բերում Քուռկիկ Ջալալուն, Թուր Կեծակին և Խաչ Պատերազմին կեցուցիչը: Տղաները սպանում են խալիֆային և իրենց մոր հետ գնում Սասուն: Տղաներն ամուսնանում են Պղնձե քաղաքի Քաջանց թագավորի դուստրերի հետ: Սանասարը Դեղձուն Ճուղ-Ծամից ունենում է երեք որդի՝Վերգո, Ձենով Հովան, Մհեր: Սանասարի մահից հետո Սասունը  կառավարում է Դեղձուն-Ծամը, իսկ հասունանալոց հետո՝Մեծ Մհերը:

<<ՄԵԾ ՄՀԵՐ>>

Սանասարի որդիներից Մհերն է ժառանգում հոր դյուցազնական ուժը: Նա կռվում է Սասունի ճանապարհին հայտնված առյուծի հետ և նրան ձևում է երկու մասի և կոչվում Առյուծաձև Մհեր: Նա կռվում և հաղթում է Սպիտակ դևին, գերությունից ազատում է Արմաղանին և ամուսնանում նրա հետ: Մսրա Մելիքը իմանալով Սանասարի մահվան մասին,պահանջում է,որ Սասունը իրեն հարկատու լինի: Մհերը հրաժարվում է իր պահանջից: Նրանք պայման են կապում, որ շուտ մեռնողի ընտանիքին պետք է մյուսը տիրություն անի: Մելիքի մահից հետո, նրա կինըէ՝Իսմիլ Խաթունը  Մհերին կանչում է Մըսր, հարբեցնում նրան ,սակայն հասկանալով իր սխալը վերադառնում է Սասում: Արմաղանը՝հանուն Սասնա տան հարատևության ներում է Մհերին: Նրանք ունենում են արու զավակ՝Դավիթին և իրենց ուխտի համաձայն Դավիթի ծննդյան օրը ծնողները մահանում են:

<<ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ>>

Դավիթին ուղարկում են Մըսր,որպեսզի Իսմիլ խաթունը խնամի,բայց նա չի ընդունում Իսմիլի կաթը և սնվում Սասունի կարագ ու մեղրով: Դավիթը օրեցօր մեծանում է,հաճախ հակադրվում Մելիքին: Մելիքը բազմիցս ցանկանում է սպանել նրան,և ի վերջո Դավիթին ուղարկում են Սասուն: Դավիթը դառնում է գառնարած,որսորդ, քանդում է Սասունում Մելիքի կառուցած պարիսպները,ազատում կենդանիներին և վռնդում Մսրա զորքը:Մսրա  Մելիքը իր զորքով արշավում է Սասուն: Դավիթը՝ Արտատեր Պառավի խորհրդով վերցնում է հայրական զենքերը,գնում է կռվի, սպանում Մսրա Մելիքին, իսկ նրա զորքին թողնում է վերադառնան տուն: Ձենով Հովանի Դավիթին նշանում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն Դավիթը և Կապուտկողի արքայի դուստրը՝ Խանդութ Խանումը սիրահարվում են և բազմաթիվ փորձություններից հետո ամուսնանում են և գնում Սասուն: Հետո Դավիթը գնում է Գյուրջիստան: Ծնվում է Փոքր Մհերը և մեծանալուն պես գնում է հորը փնտրելու:Մի տեղ նրանք հանդիպում են և կռվում: Դավիթը ճանաչում է իր որդուն և անիծում նրան՝իր հետ կռվելու համար՝<<Անմահ լինես,անժառանգ>>:Դավիթը սպանվում է Չմշկիկ սուլթանի դստեր թունավոր նետով: Խանդութ Խանումը,լսելով այս բոթը, իրեն ցած է նետում բերդի գագաթից և մահանում:

<<ՓՈՔՐ ՄՀԵՐ>>

Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը գնում են Կապուտկող և բերում Մհերին,որպեսզի տանը տեր կանգնի: Ձենով Հովանը Մհերին հանձնում է Սասնա տան պատերազմի հանդերձանքը, զենքը և Քուռկիկ Ջալալին: Մհերը սպանում է Չմշկիկ սուլթանին՝լուծելով հոր մահվան վրեժը: Նա ամուսնանում է Պաճիկ թագավորի դուստր՝Գոհարի հետ, հաղթում է Արևմտից թագավորին: Ոչնչացնում է նաև Կոզբադնի թոռներին,որոնք ուզում էին հարկատու դարձնել Ձենով Հովանին: Մհերը վերադառնում է Գոհարի մոտ,բայց նրան գտնում է մեռած և թաղում Խանդութի  գերեզմանի մոտ: Հոր անեծքով Մհերը մնում է անմահ և անժառանգ: Նա չի հանդուրժում անարդարությունը և իր զենքերով,ձիով փակվում է Վանաքարում:Նա այնտեղից դուս կգա,երբ՝ցորենը լինի մասուրի չափ և գարին լինի ընկույզի չափ:

<<ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ>>ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

<<Սասնա Ծռերում>> իրապատումը և հրաշապատումը զուգորդված են: Վեպն արտացոլում է հայ ժողովրդի հավաքական միտքն ու կամքը,արք ու բարքերը: Վեպի հերոսները հայրենասեր և նպատակասլաց մարդիկ են: Գլխավոր հերոսները անշահախնդիր և համարձակ կերպով պաշտպանում և օգտակար են լինում ժողովրդին:Սանասարը և Բաղդասարը առաջին հերթին աղքատների համար են տներ կառուցում,հետո իրենց համար: Մեծ Մհերը շտապում է սպանել գազան առյուծին՝փրկելով ժողովրդին և ազատում է նրանց սովից: Առհասարակ <<Սասնա Ծռերում>> բոլոր հերոսները օժտված են գերբնական ուժով,արդար են, ազնիվ ու աշխատասեր: Էպոսի երրորդ ճյուղում Սասունցի Դավիթը ներկայվում է կատարյալ կերպարով և ներկայացնում է մյուս ճյուղերի  հատկանիշների՝հրաշազոր զենքի, անհաղթ ուժի, անմահության և հավերժական կենդանության գաղափարները: Այս պատճառով էլ էպոսն ամբողջությամբ կոչվում է երրորդ ճյուղի անունով՝Սասունցի Դավիթ:
Գլխավոր հերոսները չորս ճյուղերում օժտվախ են փայլուն հատկանիչներով՝արդարամտությամբ,ողջամտությամբ,քաջությամբ,անպարտությամբ և ազնվությամբ: Սասունցի Դավիթը ներկայացնում է այս հատկանիշների ամբողջությունը և արտահայտում է ժողովրդի՝ գեղեցեկի և բարու մասին պատկերացումնեը:
Նա ի ծնե օժտված է ազատասիրությամբ, չարի դեմ հակակրանքով և աներևեկայելի ուժով: Դավիթը նաև առանձնահատուկ հայրենասեր է և օժտված է մարդկային բարձրագույն արժեքներով: Սասունցի Դավիթը ժողովրդի ամենասիրելի հերոսն է: Սասունի հակառակորդները կրում են այդ հատկանիշների հակառակ դրսևորումները,այդ իսկ պատճառով էլ արժանանում են գլխավոր հերոսների անհանդուրժողականությանն ու ատելությանը:
Էպոսի գլխավոր հերոսները օժտված են ժողովրդի համար ցանկալի հատկանիշներով և արտահայտում  են հայ ժողովրդի հավաքական կերպարը:  <<Սասնա Ծռերը>> առանձնանում է ժողովրդի խոսքարվեստի բազմազանությամբ՝ թևավոր խոսքերի և փոխաբերական հնարքների գործածությամբ: Էպոսը հագեցած է իրականության արտացոլմամբ և ներկայացնում  հայ ժողովրդի դարեդար եկող հավաքական մտածողությունը:

вторник, 6 января 2015 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ- Առաջավոր Ասիա՝Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև


ԲՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ-հյուսիս՝Կուր, հարավ՝Հայկական Տավրոս և Հյուսիսային Միջագետք, արևելք՝ ՈՒրմիա լիճ,Կասպից ծով և Իրանական սարահարթ, արևմուտք՝Փոքրասիական սարահարթ, հյուսիս-արևմուտք՝Պոնտական լեռներ

ԼԵՌԱՆԱԳԱԳԱԹՆԵՐ-Արարատ(5165մ)՝Հայկական Պարի արևելքում, Սիփան(4434մ)՝Վանա լճից հյուսիս, Արագած(4096մ)՝(ՀՀ-ի ամենաբարձր գագաթ) Արարատյան դաստի հյուսիս,Կապուտ Ջուղ(3906մ), Սիս(3925մ)

ԼԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ-հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք՝Գուգարքի, Գեղամա, Արցախի և Ջավախքի լեռնաշղթաներ, կենտրոնական հատված՝Հայկական Պար լեռնաշղթա, հարավում՝ Տավրոսի լեռնաշղթա

ԼՃԵՐ- Սևանա լիճ (ծովի մակ.-ից 1916մ),Վանա լիճ (Բզնունյաց ծով`1720մ) -3 կղզիներ՝Լիմ, Արտեր,Կտուց, Աղթամար

ԳԵՏԵՐ-Եփրատ՝Արևելյան և Արևմտյան, Արևելյան Եփրատ՝ Արածանի-սկիզբ է առնում Ծաղկանց լեռներից, Արևմտյան Եփրատ՝սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից, Ակն քաղաքի մոտ 2 Եփրատները միախառնվում են, Միջագետքում միանում են Տիգրիսին և թափվում Պարսից ծոց(500կմ)
Տիգրիս- Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Տավրոսից, Արևմտյանը՝Ծոփք լճից(400կմ), Արաքս-սկիզբ է առնում Սրմանց (Բյուրակնյա) լեռներից(1000կմ), միանում է Կուր գետին, ապա թափվում Կասպից ծոց, Կուր (1113կմ)

 ՄԵԾ ՀԱՅՔԻ  15 նահանգներ՝
Բարձր Հայք
Ծոփք
Աղձնիք
Տուրուբերան                        
Մոկք
Կորճայք
Պարսկահայք
Վասպուրական
Սյունիք
Արցախ
Ուտիք
Փայտակարան
Տայք
Գուգարք
Այրարատ
Ամենամեծ աշխարհը Վասպուրականն էր, ամենափոքրը` Մոկքը։ Աշխարհները բաժանվում էին գավառների. յուրաքանչյուր աշխարհ միջինում կազմված էր 7-10 գավառներից։

Մեծ Հայք-310հազ.ք/կմ
Փոքր Հայք-80հազ.ք/կմ
Կիլիկիա- 50հազ. ք/կմ

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ
Դվին-893թ.
Անի-1319թ.
Գառնի-1679թ.
Ակոռի-1840թ.
Լենինական-1926թ.
Զանգեզուր-1931թ.
Երևան-1937թ.
Սպիտակ-1988թ.

понедельник, 5 января 2015 г.

Պատմագրությունը հայ գրականության մեջ

 
Պատմագրությունը՝գրավոր մշակույթի առանձին տեսակ է և լայն կիրառություն է գտել  գիր ուգրականության սկզբնավորումից ի վեր: Պատմագրության նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել ազգի կյանքում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները: Գոյություն ունի պատմագրական աշխատության երեք տեսակ,որոնցից առավել գնահատելի է իրականությունն ու հարազատ պատմությունը,խոսքի գեղեցիկ շարադրանքով ներկայացնող տեսակը:Այս տեսակը կոչվում է դասական և արտահայտում է հերոսների անձնական և քաղաքական հակումները՝ պատկերավոր և վառ շարադրանքով: Ժանրը իր մեջ ներառում է հերոսների բազմազան բնավորությունների,հետաքրքրաշարժ իրադարձությունների նկարագրություն,երկխոսություններ,առասպելներ,ասույթներ և այլն: Ամենակարևորը  տվյալ ժամանակաշրջանում ժողովրդի ճակատագրի և  երկրի քաղաքական դրության տպավորիչ արտացոլումն է:Ժանրի տարատեսակ է ժամանակագրությունը՝դեպքերի հաջորդական կոնկրետ շարադրանքը: Անցյալում կազմել են դեպքերի ցանկեր՝ տարեգրություններ:
Դասական պատմագրության հայրենիքը անտիկ հունա-հռոմեական աշխարհն է,որտեղ ասպարեզ են դուրս եկել ՝Հերոդոտոսը,Թուկիդիտեսը և ուրիշեր:
Հայ գրերի գյուտից հետո պատմագրությունն անմիջապես վերելք է ապրում՝ Ագաթագեղոսի,Փավստոս Բուզանդի,Եղիշեի,Խորենացու,Ղազար Փարպեցու շնորհիվ: Ժանրը հետագայում զարգացում է ապրում Սեբեոսի, Ղևոնդ պատմիչի,Հովհան Մամիկոնյանի ,Թովմա Արծրունու,Հովհաննես Դրասխանակերտցու,Կիրակոս Գանձակեցու և այլոց մատյաններում:
                                   Մովսես Խորենացի
                               (մոտ410-15ից-մոտ493թթ.)
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին 410-415թթ.,Տարոն գավառի Խորնի գյուղում:Վաղարշապատի դպրոցում եղել է Մ.Մաշտոցի և Ս.Պարփևի կրտսեր աշակերտը: 434-435թթ. նրան այլ աշակերտների հետ ուղարկում են Եգիպտոս՝Ալեքսանդրիայի ճեմարանում կատարելագործվելու համար:Նա սովորում է օտար լեզուներ,փիլիսոփայություն,երաժշտություն,աստվածաբանություն,պատմություն:Այստեղ 5-6տարի ուսանելուց հետո գնում են Աթենք,ապա վերադառնում հայրենիք:Նրանք տեղ են հասնում Մ.Մաշտոցի և Ս.Պարթևի մահից հետո, 440թ.փետրվարին,որի համար անչափ ցավում են: Երկար տարիներ Խորենացին արժանանում է անարգանքի և անտարբերության,սակայն շարունակում է զբաղվել գրական աշխատանքով: Ծերության տարիներին Խորենացին արժանացել է մեծարանքի և ստացել եպիսկոպոսական աստիճան:Սերունդները նրան մեծարել են՝ՊԱՏՄԱՀԱՅՐ,ՄԵԾՆ ՄՈՎՍԵՍ,ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ և այլ պատվանուններով:
<<Պատմություն Հայոց>> երկը Խորենացու մատենագրական վաստակի թագն ու պսակն է,չնայած որ նա կատարել է շատ աշխատանքներ՝ճառեր,շարականներ,թարգմանություններ:Մովսես Խորենացին երկը գրել է իշխան Սահակ Բագրատունու պատվերով,որի առաջարկը մեծ գովեստով է ընդունել:Խորենացին սուր քննադատում է իշխաններին,ովքեր անտեսել են պատմական արժեքների գրառումը և գովեստի է արժանացնում Սահակ Բագրատունու առաջարկը:
Հեղինակի երկը բաղկացած է 3 գրքից: Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է <<Հայոց մեծերի ծննդաբերություն>> վերնագիրը և մեծարում է հայոց Հայկ,Արամ,Արա Գեղեցիկ նահապետներին,Պարույր,Երվանդ Սակավակյաց,Տիգրան Մեծ թագավորներին: Տվյալ անձինք աչքի են ընկնում իրենց հայամեծար,ազգասեր և երկիրը շենացնող արարքներով:
Երկրորդ գիրքը կոչվում է<<Միջին պատմություն մեր նախնիների>>,կազմված է 92 գլխից և ընգրկում է Արշակունիների թագավորման ժամանակաշրջանը՝մինչև Տրդատ Մեծի գահակալությունը և քրիստոնեության պետական կրոն ճանաչվելը:
Երրորդ գիրքը՝<<Մեր հայրենիքի պատմության ավարտը>> խորագրով կազմված է 68 գլխից և ներկայացնում է Տրդատի մահից հետո Հայաստանի անկումը,պետականության կորուստը,նաև գրերի գյուտը,Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի վախճանը: Գիրքն ավարտվում է եզակի նմուշ հանդիսացող <<Ողբ>>-ով ,որտեղ ներկայացվում է պետականության կորստից հետո հայերի ծայրաստիճան ծանր դրությունը:
Քերթողահայրը այս երկով՝նրա արժեքավոր բովանդակությամբ պահպանում,կորստից ու մոռացությունից փրկում է Հայոց պատմության փայլուն էջերը: Խորենացու երկը մատենագրության առաջին հուշարձանն է,որտեղ հեղինակը օգտագործել է հայոց պատմության՝իր իսկ կողմից ուսումնասիրված, միանշանակ ճշմարտացիություն ունեցող իրադարձություններ և փաստեր:
Պատմահայրը գրքի ամեն հատվածն ու դրվագը այնպես է շարադրել ,որպեսզի ոչ մի հատված ձանձրույթի առիթ չդառնա՝իր պատկերավոր և ճարտար լեզվով: Երկը <<վերակենդանացնում>> է ընթերցողին, դիպչելով նրա մտքին և զգացմունքներին, առաջնորդելով նրան վսեմ գաղափարներով...
Հեղինակի տաղանդը փայլում է հերոսների՝անկախ դիրքից, հավասարապես ճոխ ու քաջ նկարագրելու մեջ: Խորենացին գովերգում, շեշտադրում է քրիստոնեությունը և քրիստոնյա թագավորներին և հակառակը՝դատապարտում է հեթանոսությունը իր սուր տեսակետներով:
Խորենացին առանձնակի նրբությամբ ու շուքով է նկարագրում հայկական հոյակերտ քաղաքները: Նա մեծարում ու պատվով է ներկայացնում հայ ժողովրդի հաղթանակները և առանձնակի կսկիծով է նկարագում ժողովրդի դժբախտությունը, իր ազգի պարտությունները և երկրի ծանր վիճակը:
Մովսես Խորենացին ոճի մեծ վարպետ է և իր շարադրանքի ընթացքում հաճախ օգտագործում է խորիմաստ արտահայտություններ,մտքեր, առածներ և ասույթներ:

<<...Գրքեր կան՝ ժողովուրդներ են դաստիարակում, կռչում նրանց կամքը, պահում-պաշտպանում...>>