среда, 28 января 2015 г.

ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ

Շնչառության նշանակությունը
Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ Սա խոսում է շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։ Թթվածինն օքսիդացնելով սնունդն ու հեղուկը, այն վերածում  է էներգիայի, ստիպում աշխատել մեր մկաններին, վերանորոգում է մեր բջիջները, սնուցում ուղեղն ու հանգստացնում նյարդերը։ Շնչառության միջոցով մեր օրգանիզմը մաքրվում է մահացած բջիջներից ու տոքսիններից։ Սակայն միայն ճիշտ շնչառության ժամանակ են մարդու հյուսվածքներն արդյունավետ գործում։

Սխալ և մակերեսային շնչառությունը թթվածնային անբավարարության հիմնական պատճառն է, որը հանգեցնում է ավելորդ քաշի, օստեխոնդրոզի, սիրտ-անոթային, ողնաշարային բազմաթիվ հիվանդությունների։ Թթվածնի պակասի հետևանքով առաջանում են հորմոնալ խանգարումներ ու նորագոյացություններ։

Ճիշտ շնչառության դեպքում հնարավոր է ոչ միայն խուսափել հիվանդություններից, այլև բուժվել։ Մասնավորապես առանց հոգնեցուցիչ դիետաների և ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընդամենը շնչառական վարժությունների շնորհիվ կարելի է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը թթվածնի և արյան շրջանառության միջոցով։ Համապատասխան մկանների ձգումների օգնությամբ թթվածինն ուղղելով ճարպային և աղային հյուսվածքներ և առաջացնելով ջուր ու էներգիա, օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս թունավոր նյութերը՝ օրգանիզմն ապահովելով էներգիայով, թթվածնի օգնությամբ վնասազերծվում են շատ հիվանդությունների հարուցիչներ, ապաքինվում ներքին և արտաքի վերքերը, գլխուղեղային կենտրոնները թթվածնով հագեցնելու միջոցով բուժվում են բազմաթիվ սթրեսային և խրոնիկ հիվանդություններ։

Շնչառության օրգանների կառաուցվածքը
 Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով,որը բաղկացած է քթի խոռոչից,քթըմպանից,կոկորդից,շնչափողից,բրոնխներից և թոքերից։ Շնչառական համակարգում տարբերում են օդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ թոքեր։ Կոկորդը խոռոչավոր օրգան է,կազմված է մկաններով,ջլերով ու կապաններով իրար միացած մի քանի աճառներից։ Կոկորդը լորձաթաղանթով ծածկված խոռոչ է։
Շնչառական օրգանների կառուցվածքը
Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով, որը բաղկացած է քթի խոռոչ, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Շնչառական համակարգերում տարբերում են օդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ՝ թոքեր։
Օդատար ուղիներ
Շնչառության այն օրգանները, որոնցով մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, կոչվում են օդատար ուղիներ։ Օդատար ուղիների առաջին բաժինը քթի խոռոչն է, որն աճառաոսկրային միջնապատով բաժանված է երկու խոռոչների։ Նրանց մակերեսը ծածկված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթչավոր էպիթելային հյուսվածքից։ Լորձաթաղանթի բջիջների արտադրած լորձը օծում է խոռոչի մակերեսը, խոնավացնում այդտեղ թափանցած օդը (մինչև 95 % խոնավություն) և պարունակում օդի հետ թափանցած մանրէների կենսագործունեությունն արգելակող ու նրանց սպանող նյութեր (լիզոցիմ)։ Փոշին ու դրանում պարունակվող զանազան վնասակար նյութեր կպչում են լորձին և լորձաթաղանթի բջիջների թավիկների դեպի դուրս ուղղված շարժումով հեռացվում։ Օրական արտադրվում է 0,5 լ լորձ։ Քթի խոռոչի սկզբնամասի մազերը նույնպես պահում են փոշին և օտար նյութեր, արգելում նրանց թափանցումն օդատար ուղու հաջորդ բաժիններ։ Քթի խոռոչի ենթալորձային հյուսվածքը հարուստ է արյան մազանոթներով, որոնցով հոսող արյունը տաքացնում է օդը, մոտավորապես հավասարացնելով մարմնի ջերմաստիճանին։ Դրան նպաստում են նաև խոռոչի մակերեսը մեծացնող լորձաթաղանթի ծալքերը։ Բերանով շնչելիս օդը չի տաքանում, որի հետևանքով շնչուղիները բորբոքվում են, ու թոքեր են մտնում մանրէներ։ Քթի վերին մասում կան զանազան հոտեր ընկալող բջիջներ, ուստի այն նաև հոտառական օրգան է։

Քթի խոռոչում կան զգայական բջիջներ, որոնք իրականացնում են պաշտպանական ֆունկցիա։ Փոշու խոշոր հատիկները, լորձի ավելցուկը գրգռում են այդ բջիջներ և առաջացնում փռշտոց, որի միջոցով օտար մարմիններն օդի հոսքով հեռանում են օրգանիզմից։

Ներշնչված օդը քթի խոռոչից անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, և ըմպանի շարունակությամբ մտնում կոկորդ։ Կոկորդը խոռոչավոր օրգան է, կազմված է մկաններով, ջլերով ու կապաններով իրար միացած մի քանի աճառներից։ Դրանցից ամենամեծը վահանաճառն է, որն առջևից վահանի նման պաշտպանում է նրան։ Այն հեշտությամբ շոշափվում է պարանոցի վրա։

Կոկորդը լորձաթաղանթով ծածկված խոռոչ է,որը նման է ավազի ժամացույցի ունի երկու լայն և մեկ նեղ մաս։ Նեղ մասի եզրերին կան լորձաթաղանթի ծալքերմորոնց մեջ գտնվում են կոկորդի մկաններին ամրացած և ձգված ձայնալարեր,յուրաքանչյուր կողմում երկուական։ Ձայնալարերի միջև եղած տարածություն կոչվում է ձայնախորշ։ Լուռ ժամանակ ձայնախորշը եռանկյունաձև է։ Խոսելիս,երգելիս ձայնալարերը ձգվում են և մոտենում իրար։ Արտաշնչվող օդը կոկորդով դուրս գալու պահին շփվում է ձայնալարերին,դրանք տատանվում են,թրթռում են,և առաջանում է ձայն։ Հետևաբար դժվար չէ՝ կռահել,որ ձայնն առաջանում է արտաշնչելիս։ Հոդաբաշխ խոսքի առաջացմանը,բացի կոկորդից մասնակցում են նաև բերանի խոռոչի մասերն ու օրգանները՝ փափուկ ու կարծր քիմքը,այտերը,լեզուն,ատամները,շրթունքները,նաև քթի խոռոչը։

Ձայնի բարձրությունը կախված է ձայնալարերի երկարությունից և նրանց տատանման հաճախությունից։ Որքան կարճ են ձայնալարերը,այնքան մեծ է տատանման հաճախությունը։ Մեկ վայրկանում դրանք կարող են տատանվել 80-10000 անգամ։ Երեխաների ու կանանց կոկորդը փոքր է,ձայնալարերն ավելի կարճ են,ուստի նրանց ձայնը բարձր է։ Երեխաների հասունացման զուգընթաց նրանց կոկորդը մեծանում է,ձայնը դառնում է ցածր։ Չափազանց բարձր ձայնը,ճիչը,բղավոցը կարող են առաջացնել ձայնալարերի գերլարում,որի հետևանքով ձայնը դառնում է խուլ,խռպոտ,նույնիսկ կարող է անհետանալ։ Ահա թե ինչու պետք է պահպանել ձայնալարերը։ Նրանց վրա բացասաբար են ազդում նաև ծխելը,ալկոհոլը,խիստ տաք և սառը սնունդը,մրսածությունը,երկարատև խոսելը։

Սնունդը կուլ տալիս կոկորդի մուտքը փակվում է մակկոկորդի աճառով,և կերակրագնդիկը ըմպանով հանգիստ սահում է կոկորդի հետևում գտնվող կերակրափողի մեջ։ Կոկորդն ունի նաև պաշտպանական նշանակություն։ Նրա մեջ ընկած օտար մարմինների,սննդի մասնիկների,փոշեհատիկների,գազերի ազդեցությունից գրգռվում են լորձաթաղանթում գտնվող ընկալիչները,առաջանում է հազ,և արտադրված լորձով դրանք հեռացվում են։

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է։ Այն 10-15 սմ երկարությամբ խողովակավոր օրգան է։ Կազմված է 16-20 աճառային կիսաօղակներից,որոնց հետևի՝ աճառից ազատ մասը ծածկված է մկանային հյուսվածքով։ Շնչափողի այդպիսի կառուցվածքի շնորհիվ տարբեր դիրքում նրա լուսանցքը չի փոխվում,և օդն անարգել անցնում է։ Նրա խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելով,թարթիչների դեպի դուրս շարժման շնորհիվ լորձին կպված օտար մարմինները հեռանում են։
Շնչափողը ստորին մասում բաժանվում է երկու խոշոր բրոնխների,որոնք կառուցվածքով նման են շնչափողին։ Նրանց ներքին մակերեսը նույնպես պատված է թարթչավոր էպիթելով։ Մեկ օրում օդատար ուղիների մակերեսից գոլորշիանում է 0,5 լ հեղուկ։ Շնչուղիների բորբոքման ժամանակ ավելի շատ լորձ է արտադրվում և հեռացվում հազի միջոցով։ Բրոնխները մտնում են թոքերի մեջ,որոնք շնչառական համակարգի վերջին բաժինն են։

Թոքեր
Թոքերը երկուսն են,տեղավորված կրծքավանդակում,գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը։ Թոքերը նման են հատած կոնի։ Գագաթով ուղղված են վեր,հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն։ Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի։ Աջ թոքը մեծ է և կազմված երեք բլթերից,ձախը՝ երկու բլթերից (երրորդ բլթի տեղը կրծքավանդակում զբաղեցնում է սիրտը)։ Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ,բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների,որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն ու կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի։
Թոքաբշտիկները կազմված են միաշերտ բջիջներից,արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով և լցված են մթնոլորտային օդով։ Առողջ չափահաս մարդու յուրաքանչյուր թոքում կա մոտավորապես 400 մլն թոքաբշտիկ,որոնց ընդհանուր մակերեսը 150 մ2 է։ Փաստորեն,թոքերի շնչառական մակերեսը 70-100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից։
Թոքերը ծածկված են շարակցական հյուսվածքի ամուր թաղանթով՝ թոքամզով։ Այն ունի երկու թերթիկ՝ ընդերային,որը բոլոր կողմերով ծածկում է թոքերը,և նրա շարունակությունը կազմող առպատային թերթիկ,որը ծածկում է կրծքավանդակի պատերը։ Երկու թերթիկների միջև գոյանում է թոքամզային խոռոչ,լցված թոքամզային հեղուկով,որով օծվում է նրանց մակերեսը և շնչառական շարժումների ժամանակ փոքրացնում շփումը։
Շնչառական շարժումներ
Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում,գրավելով նրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում,որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից։ Ընդ որում,արտաշնչման փուլն ավելի երկարատև է։ Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում։
Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների գործունեությամբ,կրծքավանդակի ծավալի փոփոխության շնորհիվ։ Միջկողային մկանների կծկումից,կողոսկրերը բարձրանում են,կրծքավանդակի ծավալը մեծանում են դեպի կողքեր և առաջ ուղղությամբ։ Ստոծանու մկանների կծկումից նրա գմբերթները հարթվում են,իջնում ներքև,որից որովայնի օրգանները հրվում են ցած,և կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի ներքև ուղղությամբ։ Այս պահին թոքամզային ճնշումն ավելի է փոքրանում մթնոլորտային ճնշման համեմատ։ Դրա հետևանքով թոքերն ինքնաբերաբար հետևելով կրծքավանդակի ծավալի մեծացմանը ձգվում են,և մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկների մեջ.կատարվում է ներշնչում։ Դրանից հետո միջկողային մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրությունից իջնում են ցած,իսկ ստոծանու մկանների թուլացումից ու որովայնի օրգանների ճնշումից ստոծանին բարձրանում է վեր,և կրծքավանդակի,հետևաբար նաև թոքերի ծավալները փոքրանում են։ Թոքաբշտիկներից օդը դուրս է մղվում և օդատար ուղիներով հեռացվում օրգանիզմից.կատարվում է արտաշնչում։ Ուժեղ արտաշնչմանը մասնակցում են նաև որովայնի խոռոչի և իրանի մկանները։
Թոքերի կենսական տարողությունը
Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է,իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և
արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ,այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր,իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ (3500 սմ3) է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված մարմնաչափից,սեռից,մարմնի դիրքից,մարզվածությունից։ Օրինակ,կանանցը՝ 3-3,5 լ (3500 սմ3) է,6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3 է,տղամարդկանցը՝ 4,5-5 լ (4500 սմ3),մարզվածներինը՝ 6 լ,իսկ մարզիկները՝ մինչև 9 լ (9000 սմ3)։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։
Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3,այսպես կոչված,մնացորդային օդ,որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ,նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը,որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։
Շնչառության կարգավորումը
Շնչառության կարգավորվումէ երկարավուն ուղեղում գտնվող շնչառական կենտրոնի և նյարդային համակարգի տարբեր բաժիններում գտնվող նեյրոնների միջոցով։ Շնչառական կենտրոնում տեղադրված են նեյրոններ,որոնք դրդում են ներշնչման փուլում և կոչվում են ներշնչական նեյրոններ,իսկ արտաշնչվող փուլում դրդվողներինը՝ արտաշնչական նեյրոններ։ Շնչառական կենտրոնից յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ,որոնք հաղորդվում են ողնուղեղ,ապա կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն։ Դրա շնորհիվ մկանները կծկվում են,և կրծքավանդակը լայնանում է,և տեղի է ունենում ներշնչում։ Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում։
Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները։ Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախությունը փոխվում է խոսելու ընթացքում։
Արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում,քնած ժամանակ՝ 12։
Շնչառության հումորալ կարգավորումն իրականանում է արյան մեջ լուծված զանազան քիմիական նյութերով։ Մարմնի տարբեր օրգաններում և արյունատար անոթներում տեղադրված են զանազան քիմիաընկալիչներ,որոնց գրգռումից շնչառական կենտրոնին ազդակահոսք է հասնում արյան բաղադրության՝ թթվածնի,ածխաթթու գազի,ջրածնի իոնների պարունակության մասին և համապատասխանաբար կարգավորվում է շնչառությունը։ Ածխաթթու գազի շատացման դեպքում շնչառությունը խորանում է և այն արագ հեռացվում է օրգանիզմից։
Թոքերի օդամատակարարման մասին շնչառական կենտրոնին տեղեկացնում են օդատար ուղիներում և թոքաբշտիկներում տեղադրված ընկալիչները։ Օդում թթվածնի պակասը ռեֆլեքսային հաճախացնում է շնչառական շարժումները։

Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունըՆերշնչվող օդը պարունակում է մոտ 79 % ազոտ,21 % թթվածին և 0,03 % ածխաթթու գազ (ածխածնի երկօքսիդ)։ Նրանում կան նաև քիչ քանակությամբ գոլորշիներ,իներտ գազեր։ Արտաշնչվող օդում թթվածինը կազմում է 16 %,ածխածնի երկօքսիդի խտությունը աճում է մինչև 4 %,ավելանում է նաև ջրային գոլորշիների քանակը։ Ազոտի և բոլոր մնացած գազերի պարունակությունը չի փոխվում։

Գազափոխանակությունը թոքերում
Թոքաբշտիկների օդի և մազանոթների արյան միջև գազափոխանակությունը կատարվում է բացառապես գազերի դիֆուզիայի օրենքով,որին նպաստում է թթվածնի և ածխաթթու գազի լարվածության տարբերությունը։ Թոքաբշտիկներում թթվածնի լարվածությունն ավելի մեծ է,քան երակային մազանոթների արյան մեջ,ուստի թոքաբշտիկներից թթվածինը թափանցում է արյան մեջ։ Ածխաթթու գազի լարվածությունը մեծ է երակային մազանոթների արյան մեջ,որտեղից էլ այդ գազն անցնում է թոքաբշտիկների մեջ և արտաշնչելիս հեռանում օրգանիզմից։ Հետևաբար երակային արյունը վերածվում է զարկերակային արյան։
Թոքաբշտիկներից արյան մեջ թափանցած թթվածնի միայն չնչին մասն է (2 %) լուծվում արյան պլազմայում։ Մեծ մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ,կապվում հեմոգլոբինի հետ և առաջացնում օքսիհեմոգլոբին անկայուն նյութ։ Հանգիստ ժամանակ թոքերից հեռացող մեկ լիտր զարկերակային արյունը պարունակում է մոտավորապես 200 մլ թթվածին,իսկ թոքեր մտնող մեկ լիտր երակային արյունը՝ մոտավորապես 120 մլ թթվածին։ Տարբերությունը վկայում է,որ արյունից ամբողջ թթվածինը չի անցնում հյուսվածքների մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий